Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Ազգային կենտրոնական վարչությունը արտակարգ նիստ է գումարել, որի ընթացքում Վեհափառ հայրապետը զեկուցել է Քեսաբում տիրող իրավիճակի, այդ ուղղությամբ իր կատարած աշխատանքերի և Լաթաքիայում ապաստանած քեսաբահայության դիմագրաված դժվարությունների մասին:
Նիստի վերջում Հայրապետը նշել է. «Քեսաբի հայության օժանդակությունն այսօր մեզ համար առաջնահերթություն է: Աշխարհում ուր որ հայ ժողովրդի զավակները դժվարության դիմաց գտնվեն' այդ դժվարությունը հաղթահարելը ամբողջ հայության առաջնահերթ պարտավորությունը պետք է դառնա: Ուրախ ենք, որ Հայաստանից սկսած մեր գաղութներում զանազան ձևերով մեր ժողովրդի զավակներն իրենց մտահոգությունը և Քեսաբի հայությանն օժանդակելու իրենց պատրաստակամությունն են հայտնում: Ազգային միասնականության այս շոշափելի արտահայտությունը մեր ժողովրդի հավաքական հավատքի ու վճռականության պերճախոս վկայությունն է»: Ապա նա ավելացրել է. «Ինչպես կիրակի օրը մեր պատգամի մեջ շեշտեցինք, նույն ցեղասպան թուրքն է Քեսաբը քանդողը և քեսաբահայության տեղահանության հետևում գտնվողը: Հետևաբար, մեր ժողովուրդը պետք է լուռ չմնա: Պետք է իր ձայնը բարձրացնի՝ պետությունների և միջազգային հանրության ուշադրությանը հանձնելով Քեսաբի հայության ճամփով ամբողջ հայությանն ուղղված ցեղասպանի այս նոր ոճրային արարքը»:
Առավոտյան Վեհափառ հայրապետը միաբան հայրերից բաղկացած երկրորդ պատվիրակությունն է ուղարկել Լաթաքիա, որի պարտականությունն է Կաթողիկոսարանի կողմից նյութական օժանդակություն փոխանցել Շտապ օգնության մարմնին: