Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն ամփոփելով կատարված աշխատանքներն ու ծախսած միջոցների թիվը, նշեց, որ 2016 թվականին ԱԺ-ին պետական բյուջեի հատկացվել է 4 մլրդ 787 մլն 473 հազար դրամ, որից ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն դրամ 932 հազար դրամ:
«22 մլն 500 դրամ վերադարձվել է պետական բյուջե»,- ասաց Արա Սաղաթելյանը՝ նշելով, որ հատկացված միջոցներով ԱԺ աշխատակազմն իրականցրել է մի քանի հիմնական ծրագիր, որոնցից մեկը ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների պահպանման ծրագիրն է, որով ծախսվել է 4 մլրդ 489 մլն 983 հազար դրամ, որից 3 մլրդ 325 մլն դրամը կամ 74.1 տոկոսը կազմում են վճարված աշխատավարձերը:
«Մյուս ծրագիրը միջազգային կառույցների անդամակցության վճարներն են, որը կազմում է 192.5 մլն է: Վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմել է 82 մլն դրամ, պետական աշխատողների և ծառայողների սոցիալական փաթեթով ապահովելու ծրագրով ծախսվել է 41 մլն դրամ, իսկ ԱԺ աշխատակազմի վերապատրաստման ծրագրով ծախսվել է 240 հազար դրամ՝ վերապատրաստվել է 25 մասնագետ»,-ներկայացրեց նա:
Անդրադառնալով ԱԺ գործունեությանը՝ Արա Սաղաթելյանն ասաց, որ գումարվել է ԱԺ հերթական երկու նստաշրջան, չորս արտահերթ նստաշրջան և ութ արտահերթ նիստ, կազմակերպվել է 12 խորհրդարանական լսում:
«Ընդունվել է 287 օրենք, որից 19-ը նոր օրենք է, մյուսներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ընդունվել է 272 որոշում, վավերացվել է միջազգային 59 պայմանագիր», - նշեց նա: