ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից պետական գերատեսչություններում իրականացված ստուգումների արդյունքում նախորդ տարվա ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 1 մլրդ 273 մլն 690 հազար դրամ: ՀՀ կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել և ամփոփվել են 29 ստուգումներ, 1 ստուգում կասեցվել է:
«Վերը նշված գումարից 516 մլն դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, 744 մլն 811 հազար դրամը պակասեցվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարներից, 12 մլն 498 հազար դրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրականացված ծրագրային ստուգումներում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել են 3 նախարարություններ (ՀՀ արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններ), դրանց ենթակայության կազմակերպություններ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայության 2 հարկային տեսչություններ և 1 մաքսատուն): Ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզերում' ընդգրկելով 2 մարզպետարաններ, 4 քաղաքային համայնքներ և մարզպետարաններին ենթակա առողջապահական ընկերություններ:
2013թ. ընթացքում 6 գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնցից 5-ի գծով հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ: ՀՀ Արարատի, Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրվել են նախագծանախահաշվային փաստաթղթերում աշխատանքների ծավալների, նյութերի գների, աշխատավարձի և մեքենա-մեխանիզմների միավոր արժեքների տվյալների ոչ ճիշտ կիրառման միջոցով նախահաշիվների ուռճացման և արդյունքում սահմանված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքից ավել գներով պայմանագրերի կնքման, կատարողական ակտերով ավել գումարների վճարման, փաստացի չկատարված (սակայն դրանց դիմաց վճարված) աշխատանքների փաստեր, գործող մի շարք իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ:
Միաժամանակ, ՀՀ վարճապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ Արարատի մարզպետարանում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում Արտաշատի քաղաքային լճի վերակառուցման և շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների ստուգման արդյունքում կազմվել է միջանկյալ ակտ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Հարուցվել է քրեական գործ: Հաշվետու ժամանակաշրջանում լուծարային հանձնաժողովների աշխատանքի արդյունքում լուծարվել են 12 կազմակերպություններ, սնանկ ճանաչելու նպատակով 7 ընկերությունների դիմումները ներկայացվել են ՀՀ ընդհանուր իրավ ասության դատարաններ: 2013 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են 6 կազմակերպությունների լուծարման մասին որոշումներ: