Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեսչական ստուգումների կասեցման երկրաձգմանը:
«2017 թվականի հունվարի 26-ի՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների, սահմանափակվել են տեսչությունների կողմից իրականացվող ստուգումներ», - ասաց վարչապետը։
Վարչապետը, հաշվի առնելով տեսչական բարեփոխումների ընթացքում այս փուլում իրականացվող օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաև տնտեսվարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատման անհրաժեշտությունը, հանձնարարական ներկայացրեց. «Ձևակերպումը շատ հետաքրքիր է գրված՝ որոշակի ժամանակահատվածով: Համենայն դեպս, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում եմ հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ»,- նշեց նա:
Նա հանրությանը տեղեկացրեց, որ ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսը զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից և ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների վրա։ Իսկ ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք էական վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին։
Նա ընդգծեց՝ նոր համակարգ ենք ձևավորելու, որը տարբերվելու է ներկայիս համակարգից. «Կատարվելու է օպտիմալացում, տեսչական համակարգերի միավորում և լինելու մի քիչ այլ փիլիսոփայություն: Այդ պատճառով, քանի դեռ այդ համակարգը չի ձևավորվել, գալիս ենք այս լուծմանը»,-նշեց վարչապետը: