Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հունիսի 3-ին, մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով առաջին արտագնա նիստը: Դատարան բերվեցին Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամը, ով մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում, Սերգեյ Կյուրեղյանը, Դեդը, Արամ Հակոբյանը և այլք:
«Սասնա ծռերի» 18 անդամներին հարազատները դիմավորեցին ծափահարություններով:
Նիստի մեկնարկին դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորեց դատավարության մասնակիցներին հարգալից լինել միմյանց նկատմամբ:
«Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպաններից մի քանիսը կրկին չկարողացան մտնել դատարանի դահլիճ՝ «զննության» պատճառով, իսկ Արտուշ Գաբրիելյանը ներկայացրեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հնարավորության մասին: Պաշտպան Հրանտ Գևորգյանը մինչդեռ միջնորդեց «Սասնա ծռերի» գործերը միացնել և քննել միասին, սակայն դատավորը հակադարձեց. «Դատարանը նպատակահարմար չի գտնում, ծավալուն գործեր են»:
Գևորգյանի միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները՝ պնդելով, որ գործերը պետք է քննել միասին: Պաշտպաններից Դավիթ Գյուրջյանն էլ հայտարարեց, քանի որ բացակա պաշտպաններ կան, հնարավոր է չէ նիստը շարունակել, սակայն Գաբրիելյանը նշեց, որ նախապատրաստական փուլում կարևոր չէ բոլոր պաշտպանների ներկայությունը:
Դատարանը որոշեց 30 րոպեով նիստը ընդմիջել մյուս պաշտպանների ներկայությունն ապահովելու համար:
Հիշեցնենք,որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: