Լևոն Ալթունյանին ՀՀ առողջապահության նախարար կարգելու՝ Կարեն Կարապետյանի որոշման պատճառները հայտնի էին դեռ սկզբից. նորանշանակ վարչապետը, որը խնդիր ուներ Կառավարության կազմը համալրելու իրեն մոտ կանգնած մարդկանցով` այն առավելագույնս իր համար վերահսկելի դարձնելու մղումից ելնելով, իր առջև դրված խնդրի լուծման համար այլ միջոց չտեսավ, քան բժշկությունից բավական տևական ժամանակ հեռացած ընկերոջը նախարար նշանակելը` երևի թե հույսով, որ ժամանակի ընթացքում Ալթունյանը կմերվի միջավայրի հետ ու կվերագտնի կյանքում յուր իսկական կոչումը:

Անցան, սակայն, ամիսներ, ու արդեն լրանում է մեկ տարին, ինչ Ալթունյանը նախարար է, և այլևս ակներև է, որ վարչապետի հույսերն այնքան էլ չեն արդարանում. այս ողջ ընթացքում Ալթունյանը չի հասցրել համակարգում այնպիսի մի բան անել, որը գոնե ինչ-որ կերպ խելքի կբերեր այն. միայն մակերեսային, ձևական նախաձեռնություններով է հասցրել հանդես գալ, որոնք, մեղմ ասած, խիստ կասկածելի բնույթ են կրում:

Հայաստանի առողջապահության ոլորտի թերությունների, այստեղ առկա կադրային լրջագույն ճգնաժամի մասին կարող է վկայել ցանկացած քաղաքացի. խնդիրը ոչ միայն օրեցօր թանկացող առողջապահությունն է, այլև, ասենք, շատ բժիշկների պրոֆեսիոնալիզմի պակասը. մինչև դանակը ոսկորին չի հասնում, մարդ չի համարձակվում բժշկի դիմել, ու եթե նույնիսկ գումարային խնդիրներ չունես էլ, ապա նորմալ մասնագետ գտնելը մի մեծ պատմություն է դառնում. ստիպված ես լինում օգտվել ԽԾԲ-ական ինստիտուտի ծառայություններից: Մի խոսքով` իրավիճակն ավելի քան ողբալի է:

Պարզվում է, սակայն, Հայաստանի առողջապահական ոլորտի գերխնդիրն ամենևին էլ, ասենք, վերը թվարկված պրոբլեմները չեն. գերխնդիրը մեկն է` բացակայող ժպիտը:

Այսպես` առաջիկայում, հատուկ Լևոն Ալթունյանի մտահղացմամբ, Հայաստանում ներդրվելու են բժշկական էթիկայի հստակ նորմեր ու այն էլ՝ ավստրիական, և այն բժիշկն, ով կհամարձակվի հիվանդին չժպտալ կամ դա անել, ասենք, ոչ սրտանց, հերն անիծելու են. այսուհետ բոլորը պարտավորված են լինելու սեփական հաճախորդներին ցուցադրել իրենց ատամնաշարը, ու թող մեկը փորձի ատամները չլվանալ…

Հիմա հարց է առաջ գալիս` ո՞ւմ են փորձում ծաղրել, իրենք իրե՞նց, թե՞ հասարակությանը: Լա՛վ, մի՞թե այս մեկ տարվա մեջ պարոն նախարարը կարողացավ նկատել միայն հայաստանյան հիվանդանոցներում աշխատող բժիշկների չեղած ժպիտն ու, իր խոսքերով ասած, տերմինալոգիայի բացակայությունը… Կներե՛ք, բայց քաղաքացին խոշոր հաշվով թքած ունի այդ կեղծ ժպիտի վրա, ու եթե մարդ դիմում է բժշկի, ապա առաջինն ակնկալում է մատչելի ու որակյալ բուժօգնություն, ազնիվ վերաբերմունք, այլ ոչ թե այստեղից-այնտեղից թխած ինչ-որ էթիկայի կանոնագիրք: Ինչի՞ն է սրանով փորձում հասնել պարոն Ալթունյանը կամ ո՞ւմ աչքերին է փորձում թոզ փչել: Մարդիկ մեռնում են` չեն դիմում բժշկի, հաշմվում են` խուսափում են բժշկի դուռը գնալուց: Այ, դրա՛ մասին է պետք մտածել, այլ ոչ թե ժպիտի. կուշտ ենք ձեր ժպիտից. մեջն ի՞նչ…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ