ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը Հայաստանի ինքնիշխանության և դրա հանդեպ ԱՄՆ մոտեցումների և նպատակների մասին, գործնականում ծածկեց Հոգլանդի հայտարարության արձագանքները՝ ցույց տալով դրանց՝ «մեծ աղմուկ ոչնչից» էությունը, և գլխավորը՝ ընկալումների շեղվածությունը՝ գիտակցաբար կամ պարզապես կարծրատիպերից ելնելով: Հայաստանում ԱՄՆ դեսպանը Հոգլանդի հայտարարության համատեքստում ազդարարում է, որ Հայաստանը, ընդունելով այն, ինչ ներկայացնում է Հոգլանդը, իսկ Հոգլանդը ներկայացնում էր այն, ինչին Կազանում համաձայնություն տալու մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, ըստ էության կայացնում է ոչ ինքնիշխան որոշում: Ուշագրավ է, որ ԱՄՆ դեսպանն ամենևին էլ առաջին անգամ չէ այս մասին խոսում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Վաշինգտոնում, մեղմ ասած, խոչընդոտներ են տեսնում հայ-ամերիկյան կամ Հայաստանի և արևմտյան կառույցների հարաբերություններում: Ռիչարդ Միլսը մի քանի անգամ կրկնել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ դոլարի ներդրումներ անելու՝ ամերիկյան կողմի պատրաստակամության մասին: Երևանում առաջարկը ոչ թե մերժել են, այլ չլսելու են տվել` անուղղակի հասկացնելով, որ այդ հարցի լուծումը վեր է Հայաստանի իշխանությունների հնարավորություններից:
Գրեթե նույն վիճակն է հայ-իրանական էներգետիկ համագործակցության պարագայում, որտեղ բարի ցանկություններից այն կողմ՝ գործընթացը չի տեղափոխվում, որովհետև Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը դարձյալ կաշկանդված է ռուսական գործոնով: Թրամփի ընտրությունից մի քանի ամիս անց, այսպիսով, Վաշինգտոնը սկսել է «իրերն իրենց անունով կոչել»: Հոգլանդի հեռացմամբ մեկ անգամ ևս արձանագրվեց, որ բանակցությունների հիմք են Մադրիդյան սկզբունքները: Ապա, քիչ անց, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ «տեղը տեղին» անդրադառնում է ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի՝ կարելի է ասել, արատավոր դերակատարությանը` հարձակողական զենք վաճառելու փաստով:Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում` որպես միջնորդի, «բացահայտելը», այն, ինչի մասին ապրիլից հետո Հայաստանում դժգոհում են բոլորը` իշխանությունը, քաղաքական ուժերը, հասարակությունը:
Հայաստանն այսօր խաչմերուկի առջև է։ Ռուսաստանն իր հնարավորությունների սահմանում՝ իմպերիալիստական դրսևորումներով, ուզում է Հայաստանն իր տիրապետության տակ պահել։ Միացյալ Նահանգներն էլ ուզում է Հայաստանը ինքնիշխան տեսնել և այդ առումով քայլեր է անում։ Այն, ինչ կատարվում է այսօր Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև, ուղղակի մեզ հետ կապված չէ։ Պարզապես Միացյալ Նահանգներն իր զորակցությունն է հայտնում այն բոլոր երկրներին, որոնց հետ լավ հարաբերություններ է ունեցել՝ Բալթյան երկրներ, Ուկրաինա, Վրաստան, և ինքնըստինքյան՝ Հայաստանն էլ այդ ամենից անմասն չի կարող մնալ։ ԱՄՆ-ն ուզում է տեսնել՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է լինել ինքնիշխան, եթե այո՝ զորավիգ կլինեն, եթե ոչ՝ արդեն ուրիշ հետևանքներ կարող են լինել։ Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ է հարցադրում անել՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության: Հայաստանը պատրաստ չէր հրդեհին, պատերազմին, այս կամ այն աղետին, պատահարին, մարտահրավերին: Այդ անպատրաստության մասին քննադատությունն ու հարցադրումները հնչում են առիթի դեպքում: Իսկ գուցե պետք է հնչեցնել ա՞յլ հարցադրում՝ Հայաստանը պատրա՞ստ է ինքնիշխան պետականության, Հայաստանն ուզո՞ւմ է ինքնիշխան պետականություն, և հասարակությունը պատրա՞ստ է իմաստավորել այդ խնդիրը՝ պետական կյանքի մյուս բոլոր խնդիրներին պատրաստ լինելու բանալին:
Ստելլա Խաչատրյան