Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյաննանդրադարձել է մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:

«Սեզոնային սրճարաններին և հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետևել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները: Խստորեն հետևեք, որ տնտեսվարողները չգերազանցեն իրենց գործունեության համար հատկացված տարածքների սահմաններն ու այդպիսով խոչընդոտեն քաղաքացիների ազատ տեղաշարժը: Սա անթույլատրելի է», - ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծել է Տարոն Մարգարյանը։

Նա աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչություններին, հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել, որպեսզի բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալները իրենց աշխատանքները կազմակերպեն բացառապես հատկացված տարածքներում: