Ինչպես հայտնի է, Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին մեկնել է Ավստրիա՝ հանդիպելու այնտեղ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ:
Իրականում, հասկանալու համար, թե այս հանդիպումն ինչ կարող է տալ հայկական կողմին, պետք է հաշվի առնել այն համընդհանուր մթնոլորտը, որ ստեղծվել է այդ հանդիպումից առաջ: Իսկ մթնոլորտը, նկատենք՝ ամենևին էլ բարենպաստ չէ. մի փոքր ուշադիր լինելու դեպքում հեշտությամբ կարելի է նկատել այն բացասական ազդակները, որոնք նախորդում են հանդիպմանը. Ալիև-Էրդողան եղբայրական հանդիպումն ու դրան հաջորդած Էրդողանի՝ Ալիևին սիրո խոստովանություն հիշեցնող թվիթերյան գրառումը, Ադրբեջանի խոշոր ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավար Արիֆ Հաջիլիի՝ Էրդողանին հղած կոչն՝ ազատագրելու Ղարաբաղը, Մամեդյարովի վերջին հայտարարությունը, թե ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ինչպես նաև հայկական կողմի մտադրությունը՝ բանակցություններում հանդես գալու անզիջում դիրքերից, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ հայկական կողմի նոր զոհն, ինչպես նաև Ալիև-Թիլերսոն հանդիպման արդյունքները հուշում են, որ իրականում ոչ մի տեղաշարժ այս հանդիպման արդյունքում տեղի չի ունենալու և այդ մասին շատ լավ տեղյակ են թե՛ ադրբեջանական, ու թե՛ հայկական կողմերը: Հարց է առաջանում՝ ի՞նչ են գերտերությունները պատրաստում Անդրկովկասում, կամ ինչի՞ն են փորձելու հասնել գրեթե անխուսափելի թվացող պատերազմի արդյունքում:
Վերլուծությունները, թե ինչպես կանդրադառնա G20-ի համբուրգյան համաժողովն աշխարհի ճակատագրի վրա, բազմազան են ու բազմաբովանդակ. հնչող կարծիքները, նկատենք, հաճախ միմյանց հակառակ են. ոմանք օպտիմիստորեն են տրամադրված այս հարցում, ոմանք էլ ավելի շատ պեսիմիզմով են համակված՝ վստահ լինելով, որ ՌԴ ու ԱՄՆ միջև առկա հակասությունները չափից դուրս խորն են, որպեսզի հնարավոր լինի դրանք լուծել մեկ հանդիպման շրջանակներում: Հաշվի առնելով այդ համաժողովին հաջորդած հայտարարությունները՝ հատկապես վերաբերող մեր տարածաշրջանին՝ կարելի է պնդել, որ մրցակցությունը ոչ միայն առաջիկայում չի թուլանալու, այլև ժամանակի ընթացքում է՛լ ավելի է թեժանալու. այսօր արցախյան խնդիրը դարձել է յուրատեսակ ինդիկատոր, որով ստուգվում է ստեղծված աշխարհաքաղաքական մթնոլորտը:
Հայտնի է դարձել,որ ՌԴ ժամանակակից զենքի հերթական խմբաքանակն է մատակարարել Բաքվին: Իրականում Ռուսաստանի այս քայլը վկայում է այն բարդ իրավիճակի մասին, որում այժմ հայտնվել է Մոսկվան. փաստորեն՝ Բաքվի վրա գոնե որոշակի վերահսկողություն հաստատելու կամ ունեցած վերահսկողությունը չկորցնելու հարցում միակ գործուն միջոցը ՌԴ համար մնացել է Բաքվին զինելը:Բանն այն է, որ Մոսկվան շատ լավ գիտակցում է՝ եթե փորձի Բաքվի նկատմամբ խիստ կտրուկ շարժումներ կատարել, ապա դրանով ընդամենը նպաստելու է Թուրքիայի ազդեցության մեծացմանն Անդկովկասում: Հետևաբար՝ Մոսկվան ջանում է ինչ-ինչ միջոցներով առաջնայնությունը պահել իր ձեռքում ու խանգարել Անկարային՝ Բաքվի վրա տոտալ վերահսկողություն սահմանելու. Մոսկվան լավ է հասկանում, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայում նկատվող սառնությունն ընդամենը գեղեցիկ բեմականացում է ու Թուրքիայի ազդեցության մեծացումը նշանակելու է առաջին հերթին Արևմուտքի հզորացում Անդկովկասում: Ի դեպ՝ Թիլերսոն-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը Թուրքիայի հետ հարաբերություններում փոխադարձ վստահությունը կորցրել է՝ այսպիսով, ըստ էության, փորձելով է՛լ ավելի ընդգծված դարձնել Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում ներկայում առկա անհաշտությունը:
Արևմուտքի նպատակներն իրականում պարզ են՝ Անկարայի հետ կռիվ-կռիվ խաղալով ու ստեղծելով պատրանք, թե Անկարան այս կամ այն հարցում ինքնագլուխ է գործում՝ իբր հակառակ Արևմուտքի պահանջների, բախում հրահրելով Թուրքիայի ու Մոսկվայի միջև հենց Անդրկովկասում՝ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմի տեսքով: Այդպիսով, Արևմուտքը մի կողմից կհասնի իր նպատակին՝ ներքաշելով տարածաշրջանն ու Ռուսաստանը պատերազմի մեջ՝ շանտաժի ենթարկելով Մոսկվային, միևնույն ժամանակ, սակայն, խուսափելով անմիջական պատասխանատվություն կրելուց ու հանդես գալով խաղաղասիրական կոչերով:
Իսկ թե ինչին է ի վերջո ձգտում հասնել Արևմուտքն այս ամենով, պարզից էլ պարզ է. ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից՝ հարվածի տակ դնելով նրա հեղինակությունն ու խոսքի արժեքն այստեղ: Հենց այս ամենը գիտակցելով է, որ Մոսկվան չի ցանկանում վերահսկողությունը կորցնել Ադրբեջանի վրա՝ հասկանալով իրավիճակի ողջ նրբությունը. Ալիևի վրա պետք է վերհսկողություն սահմանել՝ հարվածի տակ չդնելու Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում:
Նախորդ տարվա ապրիլյան դեպքերի կրկնությունը սարերի հետևում չէ, միայն թե՝ է՛լ ավելի մեծ մասշտաբներով...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ