Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր սկսել են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տեղից փոխանցում է, որ ոստիկանական ուժերի, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և հատուկ տեխնիկայի միջոցով` տեղադրված գույքն արդեն ապամոնտաժվել է: Առավոտվանից շուկայի տարածքից չէին հեռանում վաճառականներն ու բնակիչները, հույս ունեին, որ քանդման որոշումը կկասեցվի և մի փոքր էլ հավելյալ ժամանակ կտրվի: Սակայն ծանր տեխնիկայի գործի անցնելուց հետո, մարդիկ հույսները կորցրած հեռացան տարածքից` հասկանալով, որ դժվար էլ թե քաղաքապետարանը որոշումը փոխի:
Լարված մթնոլորտ է քաղաքապետարանի աշխատակիցների և շուկայի աշխատակիցների, բնակիչների մեջև: Վերջիններիս խոսքով` իրենց զգուշացվել է, որ շուկան մոնտաժվելու է, բայց չեն ասել, որ այսօր են սկսելու քանդման աշխատանքները:
Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ հորդորում են` յուրաքանչյուր հարցի պատասխան ստանալ քաղաքապետարանից:
Նկատենք, որ շուկայի աշխատակիցներն էլ խնդրում էին մինչև դեկտեմբեր ժամանակ տալ, որպեսզի հասցնեն իրենց ապրանքները վաճառել, սակայն խնդրանքը բավարարված չէ, իսկ քանդման աշխատանքներն արդեն իսկ սկսվել են. «100 - ից ավելի ընտանիք մնաց գործազուրկ, մարդկանց թողեցին մեծ վարկերի տակ ու անելանելի վիճակում, ինչ է իրենց փորը կշտացնելու համար մի բան կառուցեն, մեզ էլ թողեն անգործ»:
Ստորև ներկայացնում ենք քիչ առաջ շուկայում արված մի քանի լուսանկարներ.