ՀՀ ոստիկանության պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ է գնահատել Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում հուլիսի18-ին տեղի ունեցած՝ ՌԴ ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստի աշխատանքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Օդանավակայանում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանը դիմավորեց Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը:
Հայկական պատվիրակության անդամները, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, նախ այցելեցին Սուրբ Գեւորգ հայ առաքելական եկեղեցի եւ հանդիպում ունեցան Վոլգոգրադի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հաջորդիվ պատվիրակությունը հյուրընկալողների ուղեկցությամբ եղավ Կազանյան կաթողիկե տաճարում:
Միավորված կոլեգիայի նիստը նախագահում էին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը:
Մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ եւ երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատի վարչությունների ղեկավարներ:
Նիստը ողջույնի խոսքով բացեց Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը:
Բացման խոսքով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ռուսաստանի ՆԳ նախարարության եւ Վոլգոգրադի մարզի ղեկավարությանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության տասնամյակների սերտ համագործակցությունը Միավորված կոլեգիայի կազմավորումից հետո վերածվել է ամենօրյա, տքնաջան ու հետեւողական համատեղ աշխատանքի:
Վլադիմիր Գասպարյանը կազմակերպված հանցավորության հակազդման գործում կարեւորեց երկու գերատեսչությունների տեղեկատվական փոխգործակցությունը հանցագործությունների բացահայտման ու քննության, երկու երկրների տարածքում անձանց, տրանսպորտի միջոցների, զենք-զինամթերքի հետախուզման ոլորտում: Նա հույս հայտնեց, որ օրակարգի հարցերի քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ կարվի կոնկրետ առաջարկներին, կմշակվեն արդյունավետ համագործակցության կառուցողական միջոցներ՝ ուղղված հանցավորության հակազդման մոտեցումների եւ տեղեկատվության փոխանակման միջոցների արդիականացմանը:
Հանցավորության դեմ պայքարում ՌԴ ՆԳ նախարարության եւ ՀՀ ոստիկանության համագործակցության օրակարգային հարցը ներկայացրին ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Վիկտոր Գոլովանովը եւ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետի տեղակալ Վարդան Հովսեփյանը:
Երկու գերատեսչությունների միջեւ օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՌԴ ՆԳՆ օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչության պետ Վիտալի Շուլիկան եւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը:
Իր խոսքում Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ գնահատեց Միավորված կոլեգիայի աշխատանքը եւ առանձնացրեց հատկապես թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում փոխգործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, որ դա հնարավորություն կտա ի հայտ բերել ոլորտի խնդիրները եւ համատեղ միջոցառումներ մշակել թմրասպառնալիքների հակազդման ուղղությամբ:
Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ ու ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր:
Ռուս գործընկերները մշակութային-ճանաչողական մեծ ծրագիր էին պատրաստել: Հայ իրավապահներն այցելեցին Ստալինգրադի ճակատամարտի թանգարան: «Մամաեւ կուրգան» հուշահամալիրի Փառքի սրահում, ուր նաեւ Ստալինգրադի ճակատամարտի մասնակից հազարավոր մեր հայրենակիցների անուններն են հավերժացել, ծաղկեպսակներ խոնարհեցին զոհվածների հիշատակին: Իսկ հանդիպումները ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայում ոչ միայն պաշտոնական-աշխատանքային էին, այլեւ հարազատ կրթօջախ վերադառնալու հուզիչ հնարավորություն. այս ակադեմիան է գերազանցությամբ ավարտել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Հայ պատվիրակները շրջեցին ակադեմիայի տարածքում, ծանոթացան ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին, եղան թանգարանում, անվանական ծառ տնկեցին հյուրերի ծառուղում:
Հագեցած օրն ամփոփվեց ՀՀ ոստիկանության պատվիրակության պատվին ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ:
Հուլիսի 19-ին հայկական պատվիրակությունը վերադարձավ Երեւան»: