ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել անձնակազմի օպերատիվ-ծառայողական գործունեության նախորդ տարվա արդյունքները և հանձնարարեց աշխատանքում առաջնորդվել առավելագույնին ձգտելու սկզբունքով:
Անդրադառնալով համապետական ընտրությունների շրջանում ոստիկանությանն առաջադրված խնդիրներին՝ ոստիկանության պետը կարգադրել է գործնական պարապմունքների ընթացքում լիարժեք տիրապետել ոստիկանների գործողությունների ուղեցույցի դրույթներին, սերտորեն աշխատել քաղաքացու հետ, ամեն ինչ անել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, մասնավորապես, ընտրակաշառքի երևույթի դեմ պայքարի կարևորությունն ու առանձնահատկությունները:
Ոստիկանության պետն առանձնացրել է նաև ընտրացուցակների հետևողական կատարելագործման խնդիրը:
Ստորաբաժանումների և ծառայությունների աշխատանքի առարկայական վերլուծությունից ու քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրել է ոստիկանի գործունեության գերնպատակի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման կարևորագույն առաքելութան մասին:
Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: