Բրյուսելում Եվրահանձնաժողովի գրասենյակի դիմաց մի խումբ անձինք բողոքի ցույց են իրականացրել՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել հուլիսի սկզբին այդ երկրում բանտարկված իրավապաշտպաններին: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

 

 

Բողոքի ակցիան կազմակերպել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը: Ցուցարարները պահել են պաստառներ կալանավորված իրավապաշտպանների անուններով, ինչպես նաև հետևյալ գրություններով. «Թուրքիա, ազատ արձակիր իրավապաշտպաններին», «Թուրքիա, դադարեցրու ճնշումները»:

 

 

Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:

 

Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին հուլիսի 19-ին կանչել էր արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ դեսպանին պարզ լեզվով ասել են, որ առանց ժամանակ կորցնելու թուրքական կողմն ազատ արձակի Գերմանիայի քաղաքացի Ստոյդթներին:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իրավապաշտպանի կալանավորումից հետո կիսատ է թողել արձակուրդն ու վերադարձել է Բեռլին: