Հայաստանի մսամթերքի շուկայում կտրուկ թանկացումներ են արձանագրվել:

Այսօր երևանյան սուպերմարկետներում տավարի մսի մեկ կգ-ը վաճառվում է 2600-2700, գառան մսինը՝ 3500-3600 դրամով, խոզինը՝ 3300-3900 դրամով:

Մսամթերքի թանկացման պատճառների մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցը զրուցեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի հետ:

«Մեզ մոտ թանկացումներն անխուսափելի են: Առաջին անհրաժեշտության սնունդն, օրինակ,  երեք տարում 20%-ով բարձրացել է:  

Գների թանկացումը մի քանի պատճառ ունի: Դրանցից մեկն այն է, որ մեր պետությունը, տնտեսությունը չի կարողանում ազատվել օլիգարխների ճնշումներից: Մեզ մոտ բիզնեսը և իշխանությունը սերտաճած են, խնդիրն այն է, որ ԱԺ-ում նստածները, նույն բիզնեսմեններն ու օլիգարխներն են»,- ասաց «Սպառողների միության» նախագահը: 

Պողոսյանի կարծիքով՝ մսի թանկացման պատճառներից մեկն էլ կատարվող ծախսերն են. «Օրինակ մսի թանկացումը կարելի է կապել այն հանգամանքի հետ, որ ինչ-որ պահանջներ են խստանում, օրինակ, միսը պետք է սպանդանոցում մորթել, սակայն պետք է հակառակը լինի, սպանդանոցներում մշակելը ավելի մատչելի պետք է լինի, քան առանձին տեղերում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այս ամենը գալիս է նրանից, որ մեզ մոտ շատ ու շատ հարցեր ճիշտ չեն կազմակերպվում: 

Անդրադառնալով հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի պահանջին, որը պետք է գործի այս տարվա սեպտեմբերի 1-ից, Պողոսյանը նշեց, որ իր կարծիքով՝ դա շատ կարևոր և ուշացած հարց է. «Արդեն հայտարարված է, որ անվճար են ստանալու անձնագրերը: Սա շատ դրական քայլ է, եթե կողմնակի ձևով չազդի թանկացման վրա, քանի որ միևնույն է՝ պետական գանձարանից ինչ-որ գումար գնալու է այդ աշխատանքի վրա: Ես առայժմ թերահավատորեն եմ մոտենում այդ հարցին, բայց հույս ունեմ, որ այս անգամ կհաջողվի»

Պողոսյանը, սակայն, ընդգծեց, որ մեքենայի սանիտարական վիճակը շղթայի մի օղակն է, և եթե այդ մի օղակը իդեալական աշխատի, իսկ մյուսներից մեկը թերի մնա, ոչինչ չի փոխվի: 

Սոնա Հարությունյան