Tert.am Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին խոսելով մանկական խաղալիքների անվտանգության մասին՝ ասաց, որ այսօր խաղալիքների պատշաճ մակնշում չի կատարվում, եթե անգամ կա մակնշում, ապա՝ օտար լեզուներով։
Արմեն Պողոսյանն ասաց, որ խաղալիքներից դժգոհություններ իրենք ստանում են, բայց ոչ հաճախ՝ ամսական մեկ-երկու անգամ կամ ավելի քիչ:
«Մանր դետալները չեն նշվում, պատշաճ մակնշումը հիմնականում օտար լեզվով է, տեղական խաղալիքներ գրեթե չկան»,-ասաց նա և խորհուրդ տվեց համոզվելով օրինականության մեջ՝ գերադասել տեղականը և չինականից, միանշանակ, խուսափել, քանի որ դա չարիք է:
Արմեն Պողոսյանը նաև կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանում «լավագույնը երեխաներին» մոտեցումը բացակայում է: Մանկական սնունդը կամ խաղալիքը պետք է խուսափել բաց, վտանգավոր տեղերից գնելուց, իսկ այսօր շատ են նման տեղերը:
Ինքն անձամբ խաղալիքներից թունավորումների դեպքեր չի արձանագրել և իրեն հայտնի չեն նաև խաղալիքների մեջ վտանգավոր նյութեր պարունակելու դեպքեր:
Մանկաբույժ, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն էլ թեմայի շուրջ ասաց, որ խաղալիք ընտրելիս պետք է հաշվի առնել տարիքին համապատասխանությունը, հատուկ ուշադրություն դարձնել այն երեխաների համար խաղալիք ընտրելիս, ովքեր ունեն խնդիրներ:
«Հատկապես մինչև մեկ տարեկան երեխաների համար խաղալիքները պետք է պիտակավորված լինեն «Փիվիսի ֆրի» մակնշմամբ, մինչև երեք տարեկան երեխաների համար խաղալիքները պետք է զերծ լինեն մանր մասնիկներից, իսկ ալերգիկ երեխաների համար հատուկ պիտակավորման խաղալիքներ ընտրել»,-ասաց նա: