Հուլիսի 7-ից ՀՀ քաղաքացիներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունները մտան ուժի մեջ:
1 կվ ժամ էլեկտրաէներգիան Հայաստանի բնակչության համար թանկացավ 8 դրամով՝ 30 դրամից դառնալով 38 դրամ, իսկ գազի նոր սակագինը՝ 156 դրամ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց: Մինչև այդ, գործող սակագինը 132 դրամ էր:
Այս թանկացումներին զուգահեռ՝ շարունակում է թանկանալ նաև սննդամթերքը։
«Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ համատարած թանկացումները կշարունակվեն.
«Շատ շուտով կթանկանա նաև տրանսպորտը, որի թանկացումը մեծ թռիչքով կլինի։ Իմ պատկերացմամբ, մոտակա ժամանակում թանկացումը կլինի 10-20%, բայց այդ երևույթը շարունակական կլինի։ Գազը կրկին կթանկանա, որովհետև այն ներկրվում է ուրիշ երկրից, և այնտեղ է սահմանվում գինը», - ասաց Արմեն Պողոսյանը։
Վերջինիս խոսքերով՝ թանկացումները որոշ չափով կնպաստեն նաև արտագաղթին.
«Ես շատ կուզենայի սխալված լինել, բայց թանկացումները կնպաստեն արտագաղթին, այո՛, որովհետև դա ոչ մի կերպ չի տեղավորվում մեր ազգային կերպարի մեջ», - նշեց ՀԿ-ի նախագահը։