«Հերթական թանկացումների ալիքը բնակչության կենսամակարդակի վրա շատ աղետալի հետևանքներ կունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ թանկացումները մեծ հարված են հասցրել ու հասցնում ժողովրդին:
Ըստ Պողոսյանի, գազի և էլեկտրաէներգիայի սակագներն անհամաչափ և անտրամաբանական են բարձրացել։ «Եթե գազի թանկացումը չակերտավոր ասված լավ կամ վատ ընդունվեց, ապա էլեկտրաէներգիայի սակագինն անհամաչափ է բարձրացել և այստեղ չկա ո՛չ տրամաբանություն և ո՛չ էլ տնտեսական հիմնավորում»,- ասաց սպառողների ասոցիացիայի նախագահը:
Պողոսյանի կարծիքով՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքով առաջին հերթին կմեռնի շինարարությունը, Հայաստանը կկորցնի այդ շուկան:«Ինչ վերաբերում է սննդին և մյուս բոլոր ծառայություններին, ապա թանկացումներն անխուսափելի են և ուղղակիորեն ազդում են դրանց վրա»:
Իր իսկ տեղեկատվության աղբյուրներին վստահելով Արմեն Պողոսյանը նշեց, որ տրանսպորտը կթանկանա 50 տոկոսով: