«Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ եթե Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը եկել է Հայաստան, ուրեմն դա հեռանկար է:
«Բրիտանական իմպերիայի ղեկավար, պրինց Չարլզը ամեն օր չի գալիս Հայաստան, դա մեզ համար պատիվ է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է արքայազնի հայաստանյան այցելության դեմ բողոքող մի խումբ բնապահպաններին այն պնդումներին, թե Չարլզը եկել է Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով, Արմեն Պողոսյանը նշեց, որ Մեծ Բրիտանիայի քաղաքական մակարդակն առավել արդյունավետ պայմաններ է ստեղծում համագործակցության համար, որից Հայաստանի տնտեսությունը կշահի։
«Որովհետև մինչև հիմա օֆշորային գոտիներում անհայտ ծագման, անհայտ կապիտալով ձեռնարկություն են շահագործում, իսկ հիմա բրիտանական իմպերայի երկրորդ դեմքը հույս է ներշնչում ինձ»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը նույնպես բնապահպան է:
Հարցին, թե արդյոք ամեն ինչ օտարերկրացիներին վաճառելը ճիշտ քաղաքականություն է, «Սպառողների ասոցիացիայի» նախագահը պատասխանեց, որ, իհարկե, օտարերկրացիներին ամբողջությամբ տալը շատ վատ է: «Մենք պետք է հասնենք նրան, որ օրենսդրորեն ամրագրեն, որ լինեն համատեղ ձեռնարկություններ, այսինքն՝ ոչ մեկը չշահագործի մեր ընդերքը մենակ»,- ընդգծեց նա:
Արմեն Պողոսյանը նշեց, որ բնությունը տվել է հանքեր, որոնք պետք է շահագործվեն, իսկ ով հակառակն է կարծում, խելամիտ չի վարվում, քանի որ համաշխարհային առևտրում մեր հարստությունը մեր մտավոր ներուժն է։ «Իսկ հանքերը չշահագործելը կլինի տուպիկային զարգացում»,-ասաց նա՝ շեշտելով, որ հանքերը պետք է շահագործել խելամիտ և ոչ այնպես, ինչպես հիմա: