Արդեն մի քանի օր է, ինչ ծխախոտի շուկայում արձանագրվել է թանկացում 15-20 դրամով:

Լուրեր.com-ի հետ զրույցում «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ ըստ իրեն՝ այդ թանկացումը պայմանավորված է այն հարկային մեխանիզմներով, որոնք անընդհատ վերափոխվում են:

«Ամեն դեկտեմբերին մի մեծ փաթեթ է ընդունվում, և ես չեմ տեսնում դրանց արդյունավետությունը: Նախ՝ ցանկացած օրենսդրական քայլ կատարելուց պետք է լինի հաշվարկ, թե դա որքան էֆեկտիվություն կունենա, քանի տոկոսով այդ խնդիրը կլուծվի, բայց ես այդ պլանավորումը չեմ տեսնում: Կար մի ժամանակ, երբ ներկրվող ծխախոտն ավելի բարձր հարկ ուներ, սակայն այնուհետև արտադրվող և ներկրվող ծխախոտերի հարկումը հավասարվեց, և դա նշանակում է, որ տեղականները տուժեցին և խիստ տուժեցին: Դա վերաբերում է ոչ միայն ծխախոտին, այլև գարեջրին: Դրանք շատ ինտենսիվ սպառվող բաներ են, և այստեղ շատ տուժեցին մեր արտադրողները, և դա անդրադարձավ սպառողների վրա, որպես հետևանք գները բարձրացան: Ես գտնում եմ, որ դրանք արդարացված քայլեր չեն»,-ասաց Պողոսյանը:

Վերջինիս խոսքերով՝ եթե հարկահավաքն ավելի հստակ կատարվի, ինքը կհաշտվի այն մտքի հետ, որ գները բարձրանում են, «բայց ես չեմ տեսնում այդ էֆեկտը»:

Արմեն Պողոսյանի կարծիքով՝ ծխախոտի շուկայում գների բարձրացումը շարունակական բնույթ կկրի:

«Ես ավելի վատը չեմ պատկերացնում: Սա մի մեծ թռիչք էր, բայց թե հաջորդ թռիչքը երբ կլինի, ես չեմ կարող ասել, բայց կգա ժամանակ, և կրկին կբարձրանա», - ասաց ՀԿ-ի նախագահը: