Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների՝ հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը, սակայն, 22 օր հետո փակվել է՝  Մշակույթի նախարարության հրահանգով:

Բոլշևիկյան տեռորիստական գործողություններին մոտ 50 հազար հայ է զոհ գնացել, այդ թվում՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի երեք որդիները: Ցուցադրության ժամանակ ներկայացվել էին նաև հայ բոլշևիկներ Միկոյանի, Կասյանի և այլոց մասին տեղեկություններ՝ թե ինչպես են նրանք գնդակահարության հրահանգներ տվել, Հայաստանից գաղտնի տեղեկություններ տրամադրել ռուսներին ու թուրքերին: 

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանից հետաքրքվեցին՝ որքանով է ճիշտ ժողովրդավար երկրում փակել նման ցուցահանդեսը: 

Հարցին ի պատասխան՝ Թովմասյանը նշեց. «Ես տեղյակ չեմ, ի՞նչ ցուցահանդեսի մասին է գնում խոսքը»: 

Երբ լրագրողները նրան հիշեցրին, որ խոսքը վերաբերում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկայնի կազմակերպած «Խավարում» խորագրով ցուցահանդեսին, պատգամավորն ասաց.

«Ո՞վ է Նարինե Թուխիկյանը, ես նրան չեմ ճանաչում: Ես չգիտեմ, ինձ մի՛ տվեք հարցեր, որոնք չգիտեմ: Մենք ունենք օրենքներ, որ բռնադատվածների, աքսորվածների վերաբերյալ այլ վերաբերմունք է նախատեսում նրանց իրավունքների վերականգնման համար և այլ վերաբերմունքի մասին չեմ կաող ասել»: 

Հարցին՝ արդյո՞ք քաղաքական բռնադատվածների վերաբերյալ ցուցահանդեսը պետք է լինի ապաքաղաքական, Հրայր Թովմասյանը պատասխանեց. 

«Այո՛, պետք է լինի ապաքաղաքական»: 

Թեմայի վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը. «Իսկապես վրդովվեցուցիչ է, ցուցահանդես փակելը նորմալ բան չէ, հատկապես, եթե դա 37-ի զոհերին է վերաբերում: Հենց Մշակույթի նախարարությունը պետք է խթանի, որ նման ցուցահանդես լինի: Մենք գիտենք, որ Թումանյանի երեք որդիներն այդ ռեպրեսիաների զոհերն են եղել, ինձ համար վրդովվեցուցիչ է սա: Այդ ցուցահանդեսի կարիքը կա, դա շատ տրամաբանական գաղափար էր»