Էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու, երեկ կալանավորված Վարդան Սեդրակյանը պատրաստվում է բողոքարկել իր դեմ նման խափանման միջոցի կիրառումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ այսօր նրանք պատրաստվում են գրել բողոքը եւ վաղը ներկայացնել դատարան' Վարդան Սեդրակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը' կալանքը, փոխելու համար: Նա շեշտեց, որ մեծ սպասելիքներ չունեն դատարանից, թե խափանման միջոցը կփոխվի, բայց դատարան չդիմելը սխալ է:

Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրեց, որ Վարդան Սեդրակյանը չի ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները, ցուցմունք չի տվել: «Սեդրակյանը չի կարող ընդունել մի բան, որը իրեն հասկանալի չէ: Զուտ որպես իրավաբան' կարող եմ ասել, որ մեղադրանքն անհիմն է, որովհետեւ հիմքերը նշված չեն: Ինձ ասում են, որ դու արել ես սա, բայց ինչո՞վ են հիմնավորում»,- նշեց նա:

Նրանք այսօր դիմելու են քննիչին, որպեսզի իրենց պարզաբանի մեղադրանքի հիմքը, այսինքն' նրան կալանավորել են ցուցմունքներվ, տեսագրությամբ, թե մեկ այլ բանի հիման վրա: Առայժմ թե Վարդան Սեդրակյանը, թե նրա պաշտպանը մեղադրանքի որեւէ հիմքից տեղյակ չէ: Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ Վարդան Սեդրակյանի տան, մեքենաների խուզարկությունից որեւէ բան չի հայտնաբերվել: «Եթե կա նման մեղադրանք, տրամաբանական է, որ նաեւ պետք է խուզարկվեր, նաեւ պետք է կալանավորվեր, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ հիմքով է դա արվել»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Ի դեպ, փաստաբանը պատրաստվում է այսօր հանդիպել «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Վարդան Սեդրակյանին եւ քննարկել պաշտպանությանը առնչվող ընթացիկ հարցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով' նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Մինչեւ այդ, այսօր' մարտի 5-ին, NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ' խուզարկություններ են կատարվել Սեդրակյանի մեքենաներում եւ գրասենյակում, նաեւ նրա տանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Սեդրակյանը նշել էր, թե տեղեկություն չունի իր տան խուզարկության եւ իրեն ձերբակալելու մասին շրջանառվող տեղեկություններից: «Ես հիմա տանը չեմ, աշխատանքի վայրում եմ, նման տեղեկություն չունեմ»,- ասել է նա:

Հարցին, թե որտեղ է աշխատում, նա պատասխանել էր, որ «Արմատ» ակումբում է, շուտով դուրս է գալու»: Նախագահի նախկին թեկնածուն ասել է նաեւ, որ իրեն ձերբակալելու մասին լուրերին վերաբերում է հումորով:

ԱԱԾ մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնել էին, որ ընթանում է նախաքննություն: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում' իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ' Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am