Շիրակի օդանավակայանը Մոսկվա-Գյումրի չվերթի` Ստավրոպոլի երկրամասում՝ Մինվոդիում արտահերթ վայրէջք կատարած «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռն արդեն ընդունել է: Շիրակի օդանավակայանից տեղեկացրեցին, որ ինքնաթիռը Գյումրի վայրէջք է կատարել մոտ մեկ ու կես ժամ ուշացումով, ուղևորները բարեհաջող տեղ են հասել:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, սեպտեմբերի 21-ին «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Գյումրի չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլի շրջանում: Պատճառը ինքնաթիռում ծխող ուղևորն էր:
Հունիսի վերջին ավիաընկերությունը նախազգուշացրել էր այն մասին, որ ինքնաթիռն անպայման իջեցվելու է, եթե ուղևորներից որևէ մեկը ծխի:
«Քանի որ նման դեպքեր եղել են, մենք որոշեցինք խստացնել ծխելու դեմ պայքարի միջոցառումները: Այժմ եթե այդպիսի դեպք լինի, ապա ինքնաթիռն արտահերթ վայրէջք կկատարի»,-ասել է ընկերության ղեկավար Անդրեյ Կալիմկովը: Նա ընդգծել է, որ ինքնաթիռի արտահերթ վայրէջքի պատճառ դարձած ուղևորից գանձվելու են բոլոր ծախսերը:
Նման դեպք գրանցվել էր նաև հուլիսին, այդ ժամանակ ևս ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել: Ներկայում «Պոբեդա» ավիաընկերությունը դատարան 3 հայց է ներկայացրել ինքնաթիռում ծխած ուղևորների դեմ փոխհատուցում գանձելու նպատակով: Գումարը կազմում է 700 հազար ռուսական ռուբլի: