168.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը հաստատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը այսօր կդիմի Սահմանադրական դատարան հայցով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին:
Ըստ այդ հոդվածի, մասնավորապես, ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը դիմում էր ներկայացրել ԿԸՀ անվավեր ճանաչելու մասին Սերժ Սարգսյանի գրանցումը, ինչը սակայն մերժվել էր ԿԸՀ քննարկման արդյունքում՝ հիմք ընդունվելով ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասի վրա: