ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդպես էլ անարձագանք թողեց մամուլի նկատմամբ իշխանությունների սանձազերծած թաքուն պատերազմը: Հիշեցնենք՝ կառավարությունը  խորհրդարան էր ներկայացրել եւ ընդունել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝  էականորեն բարդացրել են լրատվամիջոցների աշխատանքը: Կառավարությունը փորձում է մամուլին հարվածել նաեւ օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ՝ ստիպելով պաշտոնական ծանուցումները հրապարակել ոչ թե լրատվամիջոցներում, այլ բացառապես azdarar.am կայքում, արգելվել է գերատեսչություններին թերթեր բաժանորդագրվել՝ այդպիսով զրկելով թերթերին ֆինանսական մուտքերից: Եւ, վերջապես, կառավարությունը մտադրվել էր շրջանառության մեջ դնել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում խայտառակ վատթար պայմաններ կստեղծվեն լրատվամիջոցների համար, սահմանափակելով տեղեկատվություն ստանալու իրավունքը. այս վերջին դեպքը հնարավոր եղավ կանխել ամենասկզբում, երբ հրապարակվեց նախագծի սեւագիր տարբերակը, եւ կառավարությունը շտապեց հայտարարել, թե այդ փաստաթուղթն անհայտ ծագման է: Իրենք ոչ տեսել են, ոչ լսել են...
 
Եվ այժմ քաղաքացիական հասարակությունը և լրագրողները միասնաբար փնտրում են Հայաստանի թիվ մեկ անպաշտպան անձին՝ ՄԻՊ-ին, առնվազն նրա տեսակետը լսելու մեծագույն ցանկությամբ: Այն, որ գնահատականներ հնչեցնելու «դաբրո» ՄԻՊ-ը չունի, արդեն իսկ ակնհայտ է, բայց աշխատանքի իմիտացիա ստեղծելու, տեսակետ հնչեցնելու ու մարդկանց աչքին թոզ փչելու իրավունք հո տվե՞լ են… Թե՞ Թաթոյանը ինքն էլ է հասկացել իր ղեկավարած կառույցի ողջ անիմաստությունը և արհեստականությունը ու որոշել է ոչ իրեն տանջել, ոչ էլ հանրությանը: Արման Թաթոյանի մոտ արդեն ավանդույթ է դարձել՝ անցնել ընդհատակ, երբ իր կարիքն իրապես զգացվում է: Հետաքրքիր է՝ նա ասելիք չունի՞ ոտնահարման այս դեպքերի վերաբերյալ, թե՞ արդեն ամբողջությամբ հարմարվել է ՀՀԿ իրավունքների պաշտպանի տիտղոսին: Այդ դեպքում, երևի մի պաշտպան էլ գտնենք, որպեսզի պաշտպանի Արման Թաթոյանի իրավունքները...
 
Ստելլա Խաչատրյան