Տարածաշրջանային խաղաղության հաստատման ուղիների որոնմանը նվիրված միջազգային համաժողովը Էջմիածնում էր միավորել հոգևորականների, հասարակագիտական ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչների Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից ու Ռուսաստանից։ Համաժողովը կազմակերպվել էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից։ «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» խորագրով համաժողովը բացվեց տերունական աղոթքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովը վարող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ իրենք հավաքվել են արծարծելու հարցեր ու խնդիրներ, որոնք մտահոգում են խաղաղ տարածաշրջան ունենալու ջատագովներին։ «Անպտուղ կլինեին մեր ջանքերը, եթե չլիներ պետություն-հասարակություն համագործակցությունը և այդ իմաստով՝ կարևոր են իշխանությունների կողմից գործադրվող այն ջանքերը, որոնք ուղղված են մեր հարևանների հետ խաղաղության հաստատմանը, բարիդրացիական հարաբերությունների կերտմանը։ Ուրախալի է, որ հայրենի իշխանությունները կարևորում են նման ձեռնարկները»,-ասաց քահանան։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունը և հույս հայտնեց, որ կկարողանան իրենց նպաստը բերել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ «Այսօր առավոտյան առաջին միտքը, որ եկավ, Սուրբ գրքից էր, մեր Տիրոջ խոսքերից մեկը՝ «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»։ Մարդը մշտապես ձգտել է խաղաղության, և այդ խոսքը հաճախ է լսվում մեր ականջներում միգուցե նրա համար, որ մշտապես խաղաղության պակասն ենք ունեցել»,-ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ խաղաղությունը սկսվում է անհատից, ով խաղաղություն է փնտրում իր հոգեկան ու հոգևոր կյանքում, հետո դա կարևորվում է ընտանիքում, ապա ընտանիքների միջև, հետո հասարակության ու պետության, ապա նաև կարևորվում են խաղաղ հարաբերությունները պետությունների միջև։
Հոգևորականը կարևորեց քաղաքական գործիչների հետ համագործակցությունը խաղաղ համակեցության ճանապարհներ գտնելու հարցում, որը հետագայում կարող է վերածվել խաղաղարար քաղաքականության։
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Վասիլևը փոխանցեց դեսպան Իվան Վոլինկինի խոսքը, որի առանցքում Մերձավոր Արևելքում զինված հակամարտության՝ սիրիական պատերազմի հարցն էր։ «Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամենադժվար փուլը դեռ առջևում է։ Սակայն Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Անդրկովկասի ժողովուրդների միջև կուտակված փորձը թույլ է տալիս հուսալ, որ հանգուցալուծումը հնարավոր կլինի ամենակարճ ժամկետներում։ Այս համատեքստում շատ կարևոր է ընդգծել միջկրոնական երկխոսության կարևորությունը, որի բացակայությունը հղի է միջպետական, միջազգային ու միջկրոնական հակադրությունների սրմամբ»,-ասված էր ուղերձում։
Երևանի Կապույտ մզկիթի հավաքական աղոթքի իմամ Ալի Շաջաանը, կարևորելով կրոնական համերաշխությունը հարևան ժողովուրդների միջև, ներկայացրեց որոշ դրվագներ մուսուլմանների սուրբ գրքից՝ Ղուրանից։ «Ղուրանը հավատացյալներին հորդորում է խաղաղ համակեցություն ունենալ իրենց հարևանների հետ, այն հստակորեն ասում է՝ հավատացյալներ, բոլորդ պետք է ապրեք խաղաղությամբ ու հեռու մնաք սատանայի հորդորներից, քանզի սատանան ձեր թշնամին է»,-ասաց իմամ Ալի Շաջաանը։ Նա նկատեց, որ իրենց սուրբ գրքում կարևոր դերակատարում ունի Սուրբ Մարիամը, ում անունը 34 անգամ կրկնվում է Ղուրանում, կա նաև Մարիամ անունով սուրա։ «Ղուրանում Ավետարանի մասին ասվում է, որ այն աղոթարան է, այն լույս է ու խրատ»,-հավելեց իրանցի հոգևորականը։
Համաժողովին ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով շեշտադրեց տարածաշրջանում խաղաղության հաստատման ու ամրապնդման գործում Հայաստանի մեծ ցանկությունը, ինչը սակայն նույնանման արձագանքի չի արժանանում հարևան Ադրբեջանից ու Թուրքիայից։
Համաժողովի ընթացքում հնչեցին ելույթներ խաղաղության և համագործակցության հաստատման գործում կրոնների ու մշակույթի դերի, Հայաստանի ու հարևանների միջև հարաբերությունների զարգացման տեսլականի, տարածաշրջանային բազմազանության մարտահրավերների և հնարավորությունների մասին։
Միջազգային համաժողովի ավարտին ընդունված կոմյունիկեում մասնակիցները կարևորեցին խաղաղությանը և կայունությանը խանգարող այլ սպառնալիքների պայմաններում փոխըմբռնման, հանդուրժողականության և փոխզիջումների կարևորությունը։ Ըստ մասնակիցների՝ հակամարտությունների ու փակ սահմանների ցավալի իրողությունների կարգավորման գործում խաղաղ բանակցություններին ու կառուցողական երկխոսությանը բանական այլընտրանք չկա։
Նրանք համոզմունք հայտնեցին, որ պաշտոնական մակարդակով վարվող բարձրաստիճան բանակցություններին զուգընթաց մեծ կարևորություն ունեն նաև տարածաշրջանի, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների, հասարակական, միջկրոնական և միջմշակութային շփումները, երկխոսության հարթակների հաստատումն ու հզորացումը։