Հայաստանում սպանության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են 18-ով: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին:
«Եթե նախորդ տարի եղել է սպանության 59, ապա այս տարի՝ 41 դեպք: Նվազել է նաև զոհերի թիվը: Անցած տարի սպանության զոհերի թիվը 63 էր, այս տարի՝ 47»,- նշեց փոխոստիկանապետը:
Սպանության փորձերը ևս նվազել են 5-ով: Մարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու 840 դեպք է գրանցվել անցած տարվա 859-ի դիմաց: «Մենք կարևորում ենք նաև կանխարգելիչ աշխատանքները, ինչը 2018թ. մեր հիմնական խնդիրն է լինելու»,- ասաց Վարդան Եղիազարյանը: