ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կտրամադրի ֆինանսական աջակցություն: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կտրվի 30 միլիոն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝ 17 միլիոն, «Ելք» կուսակցությունների դաշինքին՝ 4 միլիոն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 4 միլիոն դրամ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կստանա 2 միլիոն դրամ, սակայն նշենք, որ վերջինս խորհրդարան չի անցել:
 
Պետական ֆինանսավորման իմաստն այն է, որ կուսակցությունները` անկախ իրենց կողմնորոշումներից, իշխանական կամ ընդդիմադիր լինելուց, համարվում են հանրային կյանքի կազմակերպման կարևորագույն ինստիտուտներ, որոնց կայացման համար վճարում են նաև հարկատուները: Այդ տեսանկյունից անգամ պետական բյուջեի միջոցների սղության պարագայում կուսակցություններին ոչ թե 100 հազար, այլ 1 մլն դոլար հատկացնելը կարելի էր ողջունելի համարել: Եթե իհարկե մեր քաղաքական ուժերը ծառայեին ժողովրդին, կամ առնվազն՝ իրենց ծրագրերում արտահայտեին ժողովրդի, ասել է թե ՝ հարկատուների պահանջները: Բայց խնդիրը այստեղ այլ է և այն անհրաժեշտ է դիտարկել մեկ այլ պրիզմայով: Հետաքրքիր է կառավարության կայացրած որոշման ժամանակահտվածը, ինչո՞ւ հենց հիմա: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով այս ֆինանսական աջակցությանը, նշեց, որ տարիներ շարունակ «Ժառանգությունր» պայքարել է, որպեսզի պետբյուջեից կուսակցություններին տրվող այս հատկացումների տրամադրման կարգը փոխվի. Ժառանգության առաջարկը հետևյալն էր՝ ավելի շատ ձայն հավաքած քաղաքական ուժերը ավելի քիչ գումար պետք է ստանային պետբյուջեից, և հիմնական ֆինանսավորումը ըստ այդմ պետք ուղղվեր՝ ցածր տոկոսով խորհրդարան անցած կամ ընտրությունների արդյունքում ԱԺ-ից դուրս մնացած կուսակցություններին: Այդպիսով, խոշորների կողքին կկարողանային գոյատևել նաև ընտրություններին քիչ ձայներ հավաքած և քիչ անդամներ ունեցող կուսակցությունները: Համաձայնեք դա կլիներ օպտիմալ տարբերակ, որը մեծապես կնպաստեր քաղաքական կուսակցությունների ինստիտուտի կայացմանը: Բայց այն ժամանակ կառավարությունը նախընտրեց նման քայլի չգնալ: Ինչո՞ւ:
 
Բանն այն է, որ այն ժամանակ, քաղաքական դաշտում առկա էին ընդդիմադիր ուժեր, որոնք ընտրությունների արդյունքում չէին անցել խորհրդարան, կամ անցել էին՝ ցածր տոկոսով: Ֆինանսական ՝ առավել մեծ աջակցության պարագայում այս ուժերը կարող էին հանդես գալ լուրջ նախաձեռնություններով, առաջ քաշել խնդիրներ և լուծել դրանք, օրինակ՝ կարող էին ամրապնդել տեղական կառույցները կամ ձեռք բերել քաղաքական ակնկախություն: Անշուշտ այս ամենը իշխանությունների պլանների մեջ չէր մտնում:
 
Այս խորհրդարանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ՀՅԴ-ից զատ,  այստեղ հավաքված ուժերի «ընդդիմադիր պոտենցիալը» որևէ վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար, իսկ խորհրդարան չանցած ուժերը ապրիլից հետո քաղաքական թատերաբեմ վերադառնալու հայտ, կամ ակտիվություն չեն դրսևորել: Հետևաբար եթե անգամ այսօր իշխանությունները որոշեին ընդունել այս տարիների ընթացքում Ժառանգության կողմից առաջարկվող փոփոխությունները՝ ռիսկը նրանց համար լինելու էր մինիմալ:
 
 
Ստելլա Խաչատրյան