«168 ժամ» թերթը գրում է.
««Սերգեյ Լավրովի խոսքերը որեւէ կապ չունեն իրականության հետ»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում «РТР-Беларусь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են Արեւելյան գործընկերությունն օգտագործել «հակառուսական նպատակներով»:
«Նրանք մեծամասնությունը չեն, բայց իրենց բավականին ագրեսիվ են պահում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դա արտահայտվել է նաեւ Բրյուսելում նոյեմբերի վերջին անցկացված Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում:
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Եվրամիության երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ երկրների հետ ցանկացած շփումներում հակառուսական լիցքեր ներդնելն ապակառուցողական է եւ անհեռանկարային, եւ, որ դա կլինի հերթական անհաջող փորձը:
Նա նշել է, թե բարձր են գնահատում նման փորձերի դեմ Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության մի քանի այլ մասնակիցների ամուր դիրքորոշումը: «Ինձ թվում է՝ այստեղ մենք որեւէ տարընթերցումներ չենք տեսնում»,- ասել է նա՝ նշելով, որ որեւէ կասկածներ չունեն Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ:
Նա այլ տոնով է խոսել Արեւելյան գործընկերության մյուս երեք մասնակիցների մասին՝ ասելով, թե, իհարկե, տեսնում են՝ ինչպես են իրենց պահում ուկրաինացի, մոլդովացի ու վրացի գործընկերները, բայց եւ համոզմունք է հայտնել, որ նրանց չի հաջողվում եւ չի հաջողվի «Արեւելյան գործընկերության ամբողջ սխեման տեղափոխել հակառուսական հուն»:
Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ Բրյուսելում կայացած «Արեւելյան գործընկերության» 5-րդ գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերի շրջանակից, ստորագրված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դառնում, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի չգնալու նպատակով փորձում է զիջումային տարբերակներով շարունակել Արեւելյան գործընկերություն ծրագիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում