Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Դատական օրենսգիրքը: Դատական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 64 պատգամավոր: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին:
Քվեարկված նախագիծը սահմանադրական օրենք էր, ուստի այն պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի ձայներով: Այսինքն, օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունված է:
Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը քվեարկության դրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որից հետո վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հերթական անգամ 20 րոպե ընդմիջում վերցրեց:
ԱԺ նախագահը հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Նշենք նաև, որ մինչ այդ, «Ելք» խմբակցությունն արդեն 2 անգամ 20 րոպե ընդմիջում վերցրել էր: