Նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահին, Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել, հույս հայտնելով, որ հայկական և վրացական կողմերին կհաջողվի ընդլայնել տարանցիկ կարողությունները: Նախագահի այս հայտարարության համատեքստում առավել քան կարևոր է, թե հատկապես տարանցիկ որ կարողությունների մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը, արդյո՞ք միայն տրանսպորտային, թե՞ Հայաստանը ցանկանում է առավել մեծ նախաձեռնողականության դրսևորել և վրացական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերել նաև գազի մասով: Որքանո՞վ է դա իրատեսական: Հայաստանը կարող է միջնորդ դառնալ Վրաստանի ու Իրանի միջև՝ իրանական գազի մատակարարման հարցում: Տեսականորեն, Հայաստանը կարող է իր վրա մոդերատորի դեր վերցնել ավելի մատչելի գնով Վրաստանին գազ մատակարարելու մասին բանակցություններում, ինչն էլ կարծես թե ցանկանում է անել պաշտոնական Երևանը, համենայնդեպս՝ բարձր մակարդակի հայտարարություններ՝ արդեն իսկ հնչում են: Գործնականում խնդիրն ավելի բարդ է, քանի որ միայն հայկական և վրացական կողմերի համաձայնությունը և քաղաքական կամքը բավարար չեն: Անհրաժեշտ է նաև ռուսական կողմի համաձայնությունը, հատկապես, եթե խոսքը գազի փոխանակման մասին է՝ առանց «Գազպրոմ»-ի դաբրոյի գործը գլուխ չի գա:
Նախ՝ Հայաստանում գազի մատակարարման ենթակառուցվածքներն ամբողջությամբ` 100 տոկոսով, պատկանում են ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությանը: Հայաստան-Իրան գազամուղը նույնպես վաճառվում է ռուսական կողմին: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ, Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնն ապահովել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում: Այլ կերպ ասած` ինչպես գազային միջանցքի, այնպես էլ գազի մատակարարման ծավալների վերահսկողությունն ամբողջությամբ, հայտնվել է ռուսական պետական գազային ընկերության ձեռքում: Գուցե հենց այս հարցում ընդհանուր հայտարարի գալու նպատակով էլ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա:
Չենք կարող բացառել, որ այս նախաձեռնությունը բխում է ոչ թե հայկական և վրացական կողմերից, այլ՝ իրանական: Իրանը, որը հարուստ է էներգակիրներով, բարիդրացիական հարաբերություններ է փորձում ստեղծել ռազմավարական տարածաշրջանի երկրների հետ, ինչն այսօր չափազանց կարևոր է Իրանի համար, որովհետև այսօր շատերը ենթադրում են, որ երբ Եվրոպան լուծի Սիրիայի հարցը, հերթն Իրանինն է լինելու: Կարելի է ենթադրել, որ Իրանը ձեռնարկում է պրևենտիվ քայլեր, որպեսզի ապահովի բարեկամական հարաբերություններ այս տարածաշրջանում: Վրացական կողմն ունի իր շահագրգռվածությունը: Վրաստանն ամեն գնով ցանկանում է ազատվել Ադրբեջանից ունեցած կախվածությունից: Եվ այժմ Թբիլիսին ցանկանում է բազմավեկտոր կերպով աշխատել բոլոր երկրների հետ և գտնել այլընտրանքային տարբերակներ:
Հայաստան-Իրան-Վրաստան գազային հնարավոր միջանցքի ձևավորման գլխավոր երաշխիքն այսօր Եվրամիությունն է: Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով և այնուհետև դեպի Եվրամիության երկրներ իրանական գազ տարանցելու ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ և տեխնոլոգիաներ, և այս հարցում կարևոր դեր կարող է խաղալ հենց ԵՄ-ը: Իրանական գազը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Այս նախագիծը կխթանի նաև կովկասյան տարածաշրջանի զարգացմանը՝ մեծ եկամուտներ ապահովելով Հայաստանի և Վրաստանի համար: Եվրոպական միությունը դիտում է Կովկասն իբրև հարևան տարածաշրջան, նրանք արդեն իսկ ներդրումներ են անում Հայաստանում և Վրաստանում: Սա բխում է Եվրամիության Հարևանության քաղաքականությունից: Հայաստանը և Վրաստանն արել են կարևոր քայլը՝ գնդակն այժմ Մոսկվայի խաղադաշտում է:
Ստելլա Խաչատրյան