Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգում է՝ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանը՝ Նոր Նորքից։

«Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, նետվե՞լը, նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը՝ հրավիրելով համապատասխան մարմինների արձագանքը։ 

 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինս հատատեց տեղեկությունը՝ նշելով, որ նորակոչիկն ինքնախեղման փորձ է արել։

«Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնախեղման փորձ է արել, որի մասին տեղեկացվել է ծնողին, անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, ընթանում է քննություն։ Նա գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ամեն բան պարզ կլինի քննության ավարտից հետո։

Սոնա Հարությունյան