Ըստ առաջ քաշված վարկածների՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառները տեխնիկական են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան: «Փորձագետները Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մի քանի տեսակետներ են առաջ բերում, որոնցից մեկի համաձայն` Ադրբեջանում այս տարի հանրապետության 100-ամյակն են տոնելու և ըստ պաշտոնական վարկածի` ընտրությունները կարող են խանգարել տոնակատարությունների անցկացմանը»,-նշեց նա:
Անժելա Էլիբեկովայի խոսքով՝ մյուս վարկածը կարող է լինել այն, որ նախագահական աշխատակազմի համար ավելի հարմար է տարեսկզբից սկսել պաշտոնավարել: «Վարկածները տրամաբանական են, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Ադրբեջանում շատ անգամ են ընտրությունների տարիներին խոշոր միջոցառումներ անցկացվել, սակայն դրանք ոչ մի կերպ չեն խանգարել:
Հիմնական վարկածներից խոսելիս պետք է նշել նաև ընդդիմությանը խաղից դուրս թողնելը, որովհետև ընդդիմությունը նախապես տեղյակ էր, որ ընտրությունները հոկտեմբերի 17-ին են անցկացվելու, պատրաստվում ու կենտրոնացնում էր իր ուժերը՝ իմանալով, որ դեռ կես տարի կա՝ ըստ պատշաճի ներկայանալու համար, բայց այժմ նրանք հայտնվել են նման իրավիճակում»,- ասաց ադրբեջանագետը: Նա ներկայացրեց վարկածներ՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, քանի որ հաճախ է առաջ բերվում այն հարցը, որ ընտրությունների տարիներին դժվար է վարել բանակցային գործընթաց երկու կողմերի՝ ներքաղաքական հարցերով զբաղված լինելու պատճառով:
«Այդ առումով ավելի հարմար է, երբ ընտրական գործընթացը երկու երկրներում էլ միեւնույն ժամանակահատվածում է անցկացվում»,-նշեց Անժելա Էլիբեկովան՝ չբացառելով նաեւ այն, որ ընտրություններից առաջ որոշակի տնտեսական խնդիրների պատճառով ստեղծվել էր բացասական պատկեր Ալիևի իշխանության համար, եւ այս կերպ նրանք փորձում են խուսափել իրավիճակի կրկնությունից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն 2018 թվականի ապրիլի 11-ին՝ հոկտեմբերի 17-ի փոխարեն: