Ազգային ժողովի պետական իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը քննարկում է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին «Ծառուկյան» խմբակցության նախագիծը: Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք այս նախագծով շատ պարզ բան ենք առաջարկում` վերացնել տարածքային ցուցակներով կամ, ժողովրդական լեզվով ասած, ռեյտինգային ընտրակարգը: Ցավոք, այս նախագծի շուրջ կոնսենսուս չկայացավ, որովհետև մեր հայտարարությունից անմիջապես հետո իշխող քաղաքական ուժի պատասխանատուները հայտարարեցին, որ առաջարկն իրենց համար բացարձակապես անընդունելի է»,- ընդգծեց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ կարծես հնարավորություն կար այս հարցում կոնսենսուսի հասնել իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ, քանի որ նրանք էլ դեմ են ռեյտինգային ընտրակարգին: «Սակայն դաշնակցական մեր գործընկերների մարտավարությունը` սպասել մինչև կհամոզեն ՀՀԿ-ին, մեզ համար ընդունելի չէ: Մենք գտնում ենք, որ այս ընտրակարգը օր առաջ պետք է փոխվի»,- նշեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ իրենց առաջարկն է անցնել պարզ համամասնական ընտրակարգի: