Այսօր ձեր դատին ենք հանձնում ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ «Հին հայոց ռազմական միտքը Հայկ նահապետից մինչև Վարդան Մամիկոնյան» զրույցի երկրորդ մասը:

(Առաջին մասը կարդացեք անցնելով այս հղումով)

 

Պարոն Այվազյան, դուք նշեցիք, որ Ավարայրի ճակատամարտը մարտավարական ոչ-ոքի էր, որը հայերի համար ժամանակի ընթացքում վերածվեց ռազմավարական հաղթանակի։ Իսկ մեզանում Ավարայրի ճակատամարտը շատ հաճախ գնահատում են որպես ընդամենը «բարոյական հաղթանակ»...

— Այո, այդ կաղապարային գեղարվեստական գնահատականը մեզանում ամենատարածվածն է։ Նախապես այն դրական իմաստ է ունեցել՝ ընդգծել է այդ մեծճակատամարտի բարերար ազդեցությունը հայոց հետագա ամբողջ պատմության վրա։ Բայց վերջերս «բարոյական հաղթանակ» բնորոշումն անարդարացիորեն ձեռք է բերել առավելապես բացասական, նույնիսկ հեգնական երանգավորում, ըստ որի՝ Ավարայրում հայերն իբր միայն բարոյապես են հաղթել, իսկ ռազմական առումով պարտություն են կրել։ Սա պատմական փաստերին ու ռազմական գիտությանը հակասող տեսակետ է։

Ռազմական տեսության գերմանացի դասականի՝ Կարլ ֆոն Կլաուզեվիցի սահմանումով, հաղթանակի համապարփակ հասկացությունը ներառում է երեք հիմնական տարր. 1) հակառակորդի ֆիզիկական ուժերի մեծ կորուստները, 2) նրա բարոյական ուժերի նույնպիսի կորուստները, 3) այդ մասին պարտվածի բացահայտ խոստովանությունը, որով նա հրաժարվում է իր պատերազմում ունեցած նախնական մտադրությունից։ Ավարայրում այս նպատակներից և ոչ մեկին պարսիկները չհասան։ Ընդհակառակը՝ ճակատամարտում նրանք հայերից թիվը երեք անգամ ավել սպանված տվեցին (այդ թվում՝ իննը բարձրաստիճան զորահրամանատար)։ Փոխարենը՝ իհարկե, ռազմի դաշտում զոհվեց հայոց գլխավոր հրամանատարը (ինչպես նաև 10 հայ բարձրաստիճան զորահրամանատար)։ Բայց ամենակարևորն այն էր, որ Մուշկան Նիսալավուրտը չկարողացավ ջախջախել Հայոց բանակը, որն, ինչպես արդեն ասացի, բաժանվելով չորս մասի, խույս տվեց հետապնդումից և կազմակերպեց դիմադրության հաջորդ փուլը։ Պատերազմը շարունակվեց ևս կես տարի՝ ավարտվելով ոչ միայն Մարզպանական Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հայերին ձուլելու իրենց նախնական մտադրություններից պարսիկների հրաժարումով, այլև հայերին արված ևս մեկ չափազանց նշանակալից մի զիջումով, որը մեր պատմագիտության մեջ իսպառ աչքաթող է արվել։

 

Բանն այն է, որ 449 թվականին, երբ սկսվեց հայոց ապստամբությունը, Մարզպանական Հայաստանի 16 կարևոր ամրոցներում տեղակայված էին պարսկական կայազորներ, որոնք Վարդան Մամիկոնյանն ու իր զինակիցները հատ-հատ ոչնչացրեցին հենց ամենասկզբում՝ անթերի ու միաժամանակ իրականացնելով 16 կայծակնային հատուկ գործողություն։ Իսկ ահա 482 թվականին, երբ սկսվեց Սասանյանների դեմ հաջորդ ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի զարմիկ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, Մարզպանական Հայաստանում գեթ մեկ պարսկական կայազոր գոյություն չուներ։ Սա նշանակում է, որ 451 թվականի վերջին Վարադանանց ուխտին հավատարիմ մնացած հայ նախարարները՝ ինքնակամ ներկայանալով ու հանձնվելով պարսից իշխանությանը, դիմել էին այդ քայլին միայն այն բանից հետո, երբ ամուր երաշխիքներ էին ստացել առ այն, որ հայոց հողի վրա պարսկական զորքեր չեն տեղակայվելու։ Հետևաբար, Ավարայրում և առհասարակ 449-451 թթ. հայ-պարսկական պատերազում հայոց պարտության մասին դատողությունները սխալ են ու բացարձակապես ավելորդ։

Նմանատիպ ոչ-ոքիներով են ավարտվել շատ ուրիշ ճակատամարտեր։ Օրինակ, ռուսների և ֆրանսիացիների միջև 1812 թվականին տեղի ունեցած Բորոդինոյի ճակատամարտը, որը նույնպես կարճ ժամանակահատվածում վերածվեց ռուսական կողմի ռազմավարական հաղթանակի։ Ընդ որում, ճակատամարտից անմիջապես հետո ռուս հրամանատարության մեջ ոմանք Բորոդինոն պարտություն էին համարում՝ հիմք ընդունելով այն փաստը, որ ռուսական բանակը նահանջեց ու Նապոլեոնին հանձնեց մայրաքաղաք Մոսկվան։ Մինչդեռ գլխավոր հրամանատար Միխայիլ Կուտուզովն ամենասկզբից էլ համոզված հայտարարում էր, որ Բորոդինոն հաղթանակ է, քանի որ ռուսական բանակը ոչ միայն չէր ջախջախվել, այլև ֆրանսիացիներին մեծ կորուստներ պատճառելուց հետո կանոնավոր կերպով նահանջել էր ու անցել դիմադրության հաջորդ փուլին։

Եղիշեն Ավարայրի ճակատամարտին տվել է ճշգրիտ գնահատական. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին»։ Եղիշեի այս ամփոփումը նմանվում է Նապոլեոնի՝ Բորոդինոյի ճակատամարտին հետագայում տված գնահատականին. «Իմ բոլոր ճակատամարտերից ամենաահավորն այն էր, որ ես տվել եմ Մոսկվայի մատույցներում: Ֆրանսիացիներն իրենց արժանի ցույց տվեցին՝ հաղթանակ տանելու, իսկ ռուսները նվաճեցին անպարտելի լինելու իրավունքը»։ Եղիշեի և Նապոլեոնի այս հատու բանաձևումներում, իրականում, արտացոլված են այդ բախտորոշ ճակատամարտերի ռազմաքաղաքական ընդհանուր արդյունքները։

— Իսկ ի՞նչ ուրիշ խոշոր բախումներ են եղել 449-451 թվականներին հայկական և պարսկական ուժերի միջև։

— Արդեն հիշատակեցի ապստամբության սկզբում պարսկական 16 կայազորների չեզոքացումը։ Այդ առանձին-առանձին իրականացված 16 հաջող գործողություններին նախորդել էր մեկ ուրիշ խոշոր գործողություն. իր իսկ դաշտային ճամբարում ջախջախվել էր սասանյան խոշոր (ըստ իմ վերլուծության արդյունքների՝ 10,000-անոց) հեծյալ այն զորամիավորումը, որն ուղարկվել էր Հայաստան՝ բնակչությանը հավատափոխ անելու գործընթացը բռնի ուժով առաջ տանելու նպատակով։ Ընդ որում, հարձակումը պարսկական ճամբարի վրա իրականացվել էր այդ ժամանակվա ռազմական տեսության (բյուզանդական տրակտատներից մեզ հայտնի) բոլոր կանոնների համաձայն։ Հայոց զորքերը լուսածագին, երեք կողմից շրջապատել են պարսից ճամբարը, չփակելով, սակայն, չորրորդ՝ հարավային կողմը, որպեսզի պարսիկներն ունենան նահանջի ճանապարհ ու դիմեն փախուստի՝ առանց կատաղի դիմադրություն ցույց տալու։ Այդ ժամանակներում, ինչպես և այժմ, գիշերային կամ նախալուսաբացային հարձակումը համարվում էր բազմաբարդ գործողություն։ Հայոց զորքի ձեռքբերած փայլուն հաղթանակը վկայում է, մասնավորապես, Վարդան Մամիկոնյանի ու նրա շտաբի կողմից այդ գործողությունը մանրազնին նախապատրաստելու, մինչև հարձակման պահն անհրաժեշտ գաղտնապահությունն ապահովելու, զորքերը ճիշտ տեղաբաշխելու և հմտորեն կառավարելու մասին։

Պատերազմի ամենասկզբում մեկ այլ խիստ ուշագրավ գործողություն էլ իրականացրեց Արցախում տեղակայված հայոց այրուձին, որն իր սեփական նախաձեռնությամբ, չսպասելով Հայոց սպարապետի հրամանին, հեծելազորային խորը մարտարշավ կատարեց Փայտակարանի միջով դեպի Ատրպատական (իսկ հրամանը նրանց չէր տրվել, ըստ երևույթին, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակից շուտ ապստամբության նախապատրաստումը չբացահայտելու մտավախությամբ)։ Այս կանխարգելիչ հարվածը վկայում է այն մասին, որ 3-4-րդ դարերում մշակված ու հայ-պարսկական բազմաթիվ պատերազմներում բազմիցս գործարկված մարտական գործողությունների համակարգը 449 թվականին տակավին չէր մոռացվել։ Այդ համարձակ զորաշարժն իրականացրած հայկական այրուձիի մեծ մասն, ամենայն հավանականությամբ, բաղկացած էր ոստանիկական զորամասերից, այսինքն՝ նախկին թագավորական քառասուն հազարանոց բանակի (մասամբ արցախյան Տիգրանակերտում տեղաբաշխված) հեծյալ կազմավորումներից, որոնք գտնվում էին հայոց սպարապետի անմիջական ենթակայության տակ։

Եվ, իհարկե, հայ-պարսկական այդ պատերազմում առանձնահատուկ տեղ է գրավում 450 թ. գարնանը Խաղխաղ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած առաջին գլխավոր ճակատամարտը, որում հայերը, Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ, փայլուն հաղթանակ տարան։

— Ինչպիսի՞ ընթացք է ունեցել Խաղխաղի ճակատամարտը։

—Ներկայացնեմ շատ համառոտ։ 450 թ. սկզբին Աղվանքում պարսիկները կուտակում էին խոշոր ուժեր՝ արևելքից Հայաստան ներխուժելու նպատակով։ Այնտեղ արդեն իսկ հավաքվել էր շուրջ 40 հազար զորք՝ Սեբուխտ Նիխորականի գլխավորությամբ։ Հայոց հրամանատարությունը որոշում է կանխարգելիչ հարված հասցնել պարսիկներին, ազատագրել Աղվանքը, ընդլայնել Հայոց բանակի վերահսկողության տակ գտնվող գոտին, ստեղծել տարածաշրջանային կոալիցիա ըննդեմ պարսիկների՝ կցելով աղվանական և վրացական առկա ուժերը, ինչպես նաև գրավել ներկայիս Դերբենդի շրջակայքում գտնվող Ճորա պահակի հզոր ամրությունները և այնտեղից անմիջական կապ հաստատել ու հակապարսկական դաշինք կնքել հզոր «հոների» հետ։ Այդ կանխարգելիչ հարվածը պետք է հասցնեին նորաստեղծ երեք հայկական բանակներից երկուսը՝ Վարդան Մամիկոնյանի 2-րդ բանակը՝ հյուսիս-արևմուտքից, և Վասակ Սյունու 3-րդ բանակը՝ հարավ-արևմուտքից (1-ին հայկական բանակը, Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ, ուղարկվել էր հսկելու հայ-պարսկական սահմանի ամենավտանգավոր՝ հարավ-արևելյան հատվածը)։ Վասակ Սյունին չի կատարում նախապես մշակված ու համաձայնեցված այդ ծրագրով իրեն վերապահված ռազմական առաջադրանքը, փոխարենը մատնչորեն հաղորդում է պարսիկներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած շուրջ 20,000-անոց հեծյալ բանակի դեպի Աղվանք սրընթաց արշավելու երթուղին և ժամանակացույցը։ 

Ժամանակին ստանալով այդ գաղտնի տեղեկությունները՝ Սեբուխտը հասցնում է իր մոտ 40,000-անոց զորքով կտրել Հայոց բանակի ճանապարհը՝ Խաղխաղ քաղաքի մոտ գտնվող դաշտում դասական սկզբունքներով կառուցելով իր բանակի մարտակարգերը։ 2-րդ հայկական բանակը, անսպասելիորեն հայտնվելով թվապես մոտ երկու անգամ գերազանցող պարսկական զորքի մարտական կուռ դասավորության առջև, առաջին պահին հանկարծակիի է գալիս։ Սակայն Վարդան Մամիկոնյանը, արագորեն կողմնորոշվելով, ընդունում է ստեղծված իրավիճակում հնարավոր լավագույն որոշումը։ Նա կիսում է իր բանակը երկու մասի՝ ձախ թևում կենտրոնացնելով իր զորքի երեք չորրորդ մասը՝ մոտ 15 հազար հեծյալ և այդպիսով ստեղծելով թվային գերակշռություն մեկ և միակ ուղղությամբ՝ պարսից աջ թևի նկատմամբ, որը բաղկացած էր շուրջ 10 հազար ռազմիկից։ Սա ճակատամարտի ամենաուշագրավ, կանխորոշիչ պահն է։ Հակառակորդի մարտակարգերի անմիջական մերձակայքում արագ անցկացված այս բարդ վերադասավորումն ի զորու էին իրականացնել միայն  ամբողջովին պատրաստված ու միմյանց հետ լավ համագործակցող զորամասներն ու ստորաբաժանումները։ Այդ հարվածային բռունցքով Վարդան սպարապետն այնուհետև անհապաղ՝ փաստորեն, ընթացքից հարձակվում է պարսից աջ թևի վրա, ջախջախում և շպրտում այն պարսից ձախ թևի վրա՝ արդյունքում կազմալուծելով թշնամու մարտակարգերը ճակատի ողջ երկայնքով։ Պարսից զորքերը մատնվում են կատարյալ շփոթության։ Խափանվում է նաև նրանց կառավարումը, քանի որ Վարդանի զորագնդերը հայտնվում են պարսից գլխավոր ուժերի ու թիկունքում պահեստային զորագնդի հետ միասին գտնվող Սեբուխտ զորավարի միջև։ Հաղթական վերջակետն այս ճակատամարտում դնում է Արշավիր Կամսարականի 5,000-անոց զորախումբը, որը Վարդան Մամիկոնյանը թողել էր ճակատի կենտրոնական հատվածում՝ որպես կաշկանդիչ ուժ ու միաժամանակ իր միակ ռեզերվ։ Արշավիրը ճիշտ ժամանակին հուժկու հարված է հասցնում շփոթության մատնված պարսից կենտրոնին ու միանում Վարդանի զորամիավորմանը։ Արդյունքում՝ պարսից զորքերի զգալի մասը շրջապատվում է ու ենթարկվում ջարդի Լոպնաս (Աղստև) գետի մոտ։

Վարդան Մամիկոնյանն իր ժամանակի լավագույն զորահրամանատարներից էր։ Նրա զորավարական տաղանդի մասին համբավը թևածում էր և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս՝ Սասանյան ու բյուզանդական արքունիքներում, ինչպես նաև հոների միջավայրում։ Առհասարակ, մեծ զորապետերը նույնչափ հազվադեպ են ծնվում, որչափ մեծ գիտնականները կամ մեծ երգահանները։ Մեր միջնադարյան մատենագիրները՝ Մեսրոպ Վայոցձորեցին ու Վարդան Արևելցին պահպանել են ռազմի դաշտում նրա տարած հաղթանակների թիվը՝ 42 հաղթանակ։ Պատկերացնելու համար, թե սա ինչպիսի տպավորիչ քանակ է, նշեմ, որ համաշխարհային ռազմական պատմության մեջ ամենաառաջին հանճարներից մեկը համարվող Նապոլեոն Բոնապարտը տվել է, ընդհանուր առմամբ, 60 ճակատամարտ՝ պարտվելով դրանցից 8-ում, ևս երեքում էլ բավարարվելով ոչ-ոքիով։  Եթե հաշվենք միայն 449-451 թթ. Հայոց սպարապետի ընդհանուր ղեկավարությամբ իրականացված ռազմական գործողությունների քանակը, ներառյալ վերոհիշյալ 16 ամրոցների գրավումը, ապա կունենանք մոտ 25-30 հաղթանակ։ Մնացած մեկուկես տասնյակ հաղթանակները ձեռք են բերվել ավելի վաղ, հիմնականում՝ 441-449 թթ. Սասանյանների տերության արևելյան սահմաններում քուշանների դեմ մղված երկարատև պատերազմում, որին մասնակցում էր նաև հայոց այրուձին՝ Վարդան սպարապետի գլխավորությամբ։

— Այդպիսի զորավարական փորձով ու կարողություններով Վարդան Մամիկոնյանին չհաջողվեց Ավարայրի ճակատամարտում տանել նույնպիսի վճռական հաղթանակ, ինչպիսին Խաղխաղում։ Այնուամենայնիվ՝ ինչո՞ւ։

— Պետք է հասկանալ, որ ամենատաղանդավոր զորավարներն էլ միշտ չէ, որ վճռական հաղթանակներ են արձանագրում իրենց երկարամյա ռազմական կարիերաների ընթացքում, որովհետև պատերազմներում ամեն ինչ չէ, որ մեկ մարդուց է կախված։ Հաննիբալը, Տիգրան Մեծը, Բելիսարիոսը, Նապոլեոն Բոնապարտը, Կոնստանտին Ժուկովը, Էրիխ ֆոն Մանշտայնը բոլորն էլ ունեցել են ոչ հաղթական ելքով ճակատամարտեր և նույնիսկ խոշոր պարտություններ։ Պատահել է նաև, որ մեծ զորավարները գերի են ընկել, ինչպես, օրինակ, Ֆրիդրիխ Պաուլյուսը, կամ զոհվել են, ինչպես Անրի Տյուրենը, Հորացիո Նելսոնը, Նիկոլայ Վատուտինն ու Իվան Չերնյախովսկին (այս թվարկումը կարելի է երկար շարունակել)։ Նույն ինքը Վարդան Մամիկոնյանը, դեռևս մինչև Ավարայրի ճակատամարտը՝ հայոց բանակի դաշտային ճամբարում զորքերի առջև ելույթ ունենալիս, իսկական ռազմիկին հատուկ անկեղծությամբ ու համեստությամբ այդ մասին արատահայտվում էր ավելի քան պարզ. «Մասնակցել եմ ես բազում ճակատամարտերի, և դուք էլ ինձ հետ. տեղ կար՝ մենք թշնամիներին արիաբար հաղթեցինք, տեղ էլ կար՝ նրանք մեզ հաղթեցին, սակայն շատ ավելի անգամ հաղթող ենք եղել և ոչ թե հաղթված»։

Ինչ վերաբերում է Ավարայրին, ապա Վարդան Մամիկոնյանի մեծ հաջողություն պետք է համարել արդեն այն, որ նա տանուլ չտվեց այդ բախտորոշ ճակատամարտը, որում պարսից ուժերը ոչ միայն մոտ երկու անգամ գերազանցում էին 66,000-անոց Հայոց բանակը, այլև, բացի հետևակից ու հեծելազորից, ունեին ևս մեկ ընտիր զորատեսակ՝ փղազոր։ Իսկ եթե թվարկելու լինենք այն հիմնական գործոնները, որոնք խանգարեցին Հայկական բանակին վճռական հաղթանակ տանել Ավարայրում, ապա դրանք շատ էին։ Բացի արդեն հիշատակվածներից, այստեղ կնշեմ միայն Վասակ Սյունու դավաճանությունը, որի հետևանքով 450 թվականի սկզբին ստեղծված հայկական 3-րդ բանակը, փաստորեն, կազմալուծվեց, հայերը կորցրեցին արդեն իսկ ազատագրված Աղվանքն ու Ճորա պահակը, Մարզպանական Հայաստանում բռնկվեց կարճատև քաղաքացիական պատերազմ և այլն, և այլն։

 

—  Պարոն Այվազյան, այսօր մենք ունենք բանակ, որտեղ զինվորները հատուկ մարտական պատրաստություն են անցնում, ունենք ռազմական դպրոցներ ու ակադեմիաներ՝ հրամանատարական կրթություն ստանալու համար: Իսկ որտե՞ղ էին կրթություն ստանում հայ զինվորականները հնում:

— Ռազմական կրթությունը ստանում էին գլխավորապես զորքերում: Ռազմական արվեստ ուսուցանում էին և՛ թագավորական, և՛ նախարարական զորքերում՝ հրամանատարական գիտելիքները սերնդե սերունդ փոխանցելով: Յուրաքանչյուր նախարար իր պապից, իր հորից, տան մյուս ռազմիկներից ստացել էր ռազմարվեստի մասին լուրջ գիտելիքի պաշար։ Չէ՞ որ նախարարները, նախ և առաջ, զինվորական էին, հրամանատար: Ես վստահ եմ, որ և՛ Հայոց արքայական բանակում, և՛ նախարարական խոշոր տներում եղել են նաև ռազմարվեստի մասին գրավոր նյութեր: Այն, որ դրանք մեզ չեն հասել, դեռ ոչինչ չի նշանակում: Հայոց մատենագրական ժառանգության մի ահռելի հատվածը ոչնչացվել է և մեզ չի հասել։ Իմ վերջին աշխատության մեջ ցույց եմ տվել, որ, օրինակ, Եղիշեի երկում կան դրվագներ, որոնք գրեթե նույնական են բյուզանդական ռազմական տրակտատների որոշ հատվածներին։ Սա նշանակում է, որ կամ այդ տրակտատները թարգմանված են եղել հայերեն կամ դրանցից օգտվել են լատիներեն և հունարեն բնագրերով, կամ էլ հենց հայերենով գոյություն է ունեցել ռազմատեսական ինքնուրույն գրականություն։

Ռազմարվեստին վերաբերող երկերը չէին կարող բազմաթիվ օրինակներով արտագրվել, որովհետև դրանք նախատեսված էին ռազմաքաղաքական վերնախավի շատ սահմանափակ թվով մարդկանց համար և նույնիսկ գաղտնի էին պահվում։ Այդպես էր, օրինակ, հին Չինաստանում։ Չինական ռազմարվեստի որոշ տրակտատներ մեզ են հասել ընդամենը մեկ օրինակով (ասենք, ինչպես և հայ մատենագրության հուշարձաններից շատերը, օրինակ, մեծարժեք «Զորանամակը» կամ թեկուզ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը»): Այսպես, հին չինական ռազմական մտքի գոհարներից մեկը՝ Սուն Բինի «Ռազմարվեստի մասին» երկը պատահաբար հայտնաբերվել է միայն 1972 թվականին՝ պեղումների ժամանակ: Մինչ այդ շատերը չէին էլ հավատում, որ Սուն Բինը գոյություն է ունեցել։

Այսպիսով, Հին Հայաստանում ռազմական կրթությունը ստացել են և՛ տեսական, և՛ գործնական ճանապարհով՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր:

— Ունեցե՞լ ենք մարտական արվեստներ:

— Իհարկե: Հին աշխարհում հայ ռազմիկները քաջ հայտնի էին՝ որպես հզոր, ճկուն, զենքին լավ տիրապետող այրեր: Արդեն հիշատակված Տագինայի ճակատամարտի սկզբում օստ-գոթերի առաջնորդ Տոտիլան առաջարկում է մենամարտ կազմակերպել իրենց ու հռոմեական բանակի ամենաուժեղ զինվորների միջև՝ առաջ ուղարկելով Կոկկաս անունով մի աժդահայի։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ էր հռոմեական բանակի ամենաուժեղ ռազմիկը: Նարսեսի շտաբում եղած հրամանատարներից մի հայ՝ Անզալասը (հայերեն՝ Ընձուղ կամ Ընջուղ): Նա գեղեցիկ մի հնարքով՝ ձին վերջին պահին շրջելով, կողքից հարվածով սպանում է օստ-գոթերի հզորագույն մարտիկին։

Բարձր է եղել նաև մեր արքաների ու նախարարների անձնական մարտական պատրաստությունը։ Պատահական չէ, որ նրանցից շատերը բացառիկ մարտական հմտություններ են ցուցաբերել: Օրինակ՝ Տրդատ Գ Մեծ արքան, Վարդան Մամիկոնյանը տիրապետել են թրով այնպիսի հզոր հատող մի հարվածի, որը հակառակորդին մեջտեղից կիսում էր՝ նրա հագած զրահներով հանդերձ: Եվ սա առասպելաբանություն չէ, այլ պատմական եղելություն։ Ճիշտ այդպիսի հատող հարվածներ կատարելու շնորհիվ էին հռչակ ձեռք բերում նաև ճապոնացի սամուրայներից կամ ռուս կազակներից ընտրյալները։ Իսկ այդպիսի վարպետության հասնելու համար պահանջվում էր ոչ միայն ֆիզիկական ուժ, այլև մարտարվեստի հնամյա դպրոց։  

— Այսօր բանակաշինության գործում կարո՞ղ ենք օգտագործել հայոց ռազմագիտական միտքը: 

— Ես կարծում եմ՝ կարող ենք, եթե լավ, ակադեմիական մակարդակով ուսումնասիրենք մեր ռազմական պատմությունը՝ մի գործ, որը դեռ սկզբնական փուլում է: Սիրողական ուսումնասիրությունների վրա հենվել չենք կարող: Դեռ հատորներ պետք է գրվեն մեր ռազմական պատմության առանձին դրվագների մասին, դրանք դեռ պետք է մեկտեղվեն ու նաև թարգմանվեն օտար լեզուներով: Մենք ապրում ենք 21-րդ դարում, բայց պատերազմի բնույթը շատ առումներով նույնն է մնացել: Մեր հրամանատարների ընդհանուր գիտելիքը պետք է ներառի հայոց և համաշխարհային ռազմական պատմությունից բազմաթիվ դրվագներ՝ դրանց վերլուծությամբ հանդերձ: Այդ պատմական օրինակները շատ կօգնեն նրանց և՛ ուսումնառության, և՛ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ:

Առհասարակ՝ ռազմական պատմությունը հենց այն հենքն է, որի վրա ժամանակակից լավագույն բանակներում դաստիարակում են իրենց սպաներին: Ուսումնասիրվում են ոչ միայն նոր, այլև հին պատերազմները: Եթե հրամանատար ես և մտքումդ պահած ունես մեկ օրինակ Վարդան Մամիկոնյանի վարած ճակատամարտից, երկրորդը՝ Հուլիոս Կեսարից, երրորդը՝ Նապոլեոնից, և բազմաթիվ ուրիշ օրինակներ, անհրաժեշտ պահին կգտնես ճիշտ որոշումը ավելի արագ, քան եթե անցյալի փորձին անհաղորդ ես: Համենայն դեպս, բոլոր մեծ զորավարները շատ են գնահատել ռազմական պատմությունն ու տեսությունը։

-Եթե ամփոփենք հայ ռազմական միտքը, ի՞նչ ձևակերպումներ կտաք:

-Դժվար է ասել, բայց պետք է արձանագրենք, որ հայկական ռազմական միտքն առնվազն Ք.ա. 2-րդ հազարամյակից ընդհուպ մինչև 13-14-րդ դար չի կտրվել, այլ ընդհակառակը՝ հետևողականորեն զարգացել է, բարեփոխվել՝ ժամանակի պահանջներին համընթաց (այդ են վկայում նաև հին Հայոց բանակի պարբերական խոշոր բարեփոխումները)։ Սկսած 15-րդ դարից, երբ հայկական խոշոր զորագնդեր ասպարեզում այլևս չկային, հայ ռազմական միտքը ևս մասամբ կտրվեց: Ասում եմ՝ մասամբ,  որովհետև Հայաստանի որոշ շրջաններում պահպանվել էին ազգային զորաջոկատներ: Հայկական զորամասեր կային նաև իրանական և վրացական զորքերում, որոշ հայեր ծառայել են նաև օսմանյան բանակում, էլ չասած՝  Ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության բանակների մասին:

Թեև 14-15-րդ դարերից մինչև 20-րդ դարի սկիզբը հայ ռազմական միտքը թույլ էր զարգացած (1720-ական թթ. ազատագրական հուժկու շարժումը չհաշված), միևնույն է՝ հին դարաշրջանում և միջնադարում այն արդեն ստեղծել էր այնպիսի մեծ մշակութային, հոգևոր ու հոգեբանական պաշար, որ մինչև այսօր էլ հայի ազգային հոգեկերտվածքում ռազմական տարրը շատ մեծ տեղ է զբաղեցնում: Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև հայերն անընդհատ պատերազմների մեջ են եղել: Գոնե վերջին երկու հազարամյակներում այդ պատերազմները միշտ էլ արդար են եղել՝ կամ ազատագրական, կամ պաշտպանական ու ինքնապաշտպանական: Մեր մշակույթն ամբողջովին ներծծված է հայոց ռազմական անցյալով: Ո՞ր բնագավառը վերցնենք, որտեղ չկա ռազմական տարր: Ունենք ռազմական մոտիվներով գրականություն, էպոս, ճարտարապետություն, պարեր, երգեր և նույնիսկ օպերաներ: Ռազմական տարրը մշտառկա է մեր հոգեկանում: Ռազմական մտքի ու ոգու ժառանգումը մեծ ուժ է տվել մեզ: Այսօր էլ մենք զգում ենք այն ռազմական ազատատենչ շունչը, որը հայ ժողովուրդը պահպանել է իր մեջ հազարամյակներով:

Զրույցը վարեց Ա. ՆՈՅԵՄԻՆ