Կառավարության նիստերի ժամանակ ՀՀ վարչապետը հաճախ է պատկան կառույցներից պահանջում ստեղծել մաքուր միջավայր և ունենալ «Մաքուր Հայաստան»։ Ասվածի մասին են վկայում նաև ամենուր փակցված «Աղբի տեղը աղբամանն է» կարգախոսով սոցիալական գովազդները։

Պարզվում է, սակայն, որ «Աղբի տեղը աղբամանն է» կարգախոսն ու «Մաքուր Հայաստան» ունենալու՝ վարչապետի պահանջը անհասկանալի և անընկալելի է մնացել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարության համար, քանի որ այդ վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող Նուբարաշենի գերեզմանոցը փաստում է կեղտոտ Հայաստանի առկայության մասին։ 

 

Այս գերեզմանոցում ամեն քայլափոխի ականատես կլինես աղբակույտերի, այստեղ չեն իրականացվում մաքրման աշխատանքներ, գերեզմանոցի տարածքում էլ անգամ աղբամաններ չկան։ Թե ով է աղբանոց հիշեցնող գերեզմանոցի տարածքի պատասխանատուն և որ կառույցի աշխատանքային պարտականությունների թերացման արդյունքում է ստեղծվել այս վիճակը՝ ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց պարզել Էրեբունու թաղապետարանից։

Թաղապետարանի մամուլի պատասխանատու Արթուր Օսիպյանը հայտնեց, որ Էրեբունի համայնքի ենթակայության տակ գտնվող Նուբարաշենի գերեզմանոցի աղբահանության և մաքրության պահպանության պատասխանատուն «Սանիթեք» ընկերությունն է: «Մենք բազմիցս այդ ընկերությանը զգուշացրել ենք, որ այդ տարածքների նկատմամբ լինեն առավել զգոն և ուշադիր։ Բայց, փաստորեն, մեր հանձնարարությունը չի կատարվել։ Այս ընթացքում իրականացվել են նաև շաբաթօրյակներ և մենք պահանջել ենք գերեզմանոցի տարածքում ևս ապահովել մաքություն, այն նույնպես չի կատարվել։ Այս պահին կտրվի հանձնարարական, որպեսզի հրատապ մաքրվի Նուբարաշենի գերեզմանոցի տարածքը և կտեղադրվեն աղբամաններ»,-ասաց Օսիպյանը և հավելեց, որ ստեղծված իրավիճակի մեջ պատասխանատվության իրենց չափաբաժինն ունեն նաև քաղաքացիներն, ովքեր շատ հաճախ իրենց աղբը թափում են հենց  նման վայրերում։ 

 

 

 Աղավնի Սուքիասյան