Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (ԺԻՈՒ) շարունակում են դիմադրել թուրքական զորքերին Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաջո քաղաքում և դրա մատույցներում։ ԺԻՈՒ-ի ներկայացուցիչ Բրուսկ Հասեքեն Firat գործակալությանը հայտնել է, որ քրդերը հետ են մղել հակառակորդի գրոհները և սպանել 59 թուրք զինվորի և, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակ»-ի (ՍԱԲ) զինյալի։

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հասեքեն հերքել է թուրքական ԶԼՄ-ների այն լուրերը, որ ՍԱԲ-ի կազմավորումները, Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների աջակցությամբ, գրավել են Ռաջոն։ Նրա խոսքով՝ «այժմ մարտերն ընթանում են քաղաքի արևմտյան մասում, Բեյդանլի և Հաջ-Խալիլ գյուղերի շրջակայքում, ինչպես նաև Մեյդանկի շրջանում գտնվող ամբարտակի մոտ»։

 

Թուրքական հրամանատարությունն այս շաբաթ ձեռնամուխ է եղել հունվարի 20-ից անցկացվող «Ձիթենու ճյուղ» գործողության երկրորդ փուլի իրականացմանը։ Զորքերի առջև խնդիր է դրված ԺԻՈՒ-ի ջոկատներից ազատել վարչական կենտրոն Աֆրինի (Հալեպից 65 կմ) մատույցների խոշոր բնակավայրերը։ Ռաջոն և հարևան Ջինդերեսը գրավելով՝ թուրքական զորքերը և դրանց դաշնակիցները կկարողանան փակել շրջափակման օղակն Աֆրինի շուրջ։