Մյանմայի Ազգային օրենսդիր ժողովը (խորհրդարանը) մարտի 28-ին ձայների մեծամասնությամբ երկրի նոր նախագահ է ընտրել 66-ամյա Վին Մինին՝ խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակին եւ կառավարող՝ Հանուն դեմոկրատիայի ազգային լիգայի ներկայացուցչին, որը գլխավորում է Աուն Սան Սու Չժին:
Ինչպես հայտնել է The Myanmar Times հրատարակությունը, նրա թեկնածությունը պաշտպանել է ներկա գտնվող 636 պատգամավորների մեծամասնությունը: Դրա հետ մեկտեղ ներկայիս պայմաններում նախագահի դերը Մյանմայում հանգում է արարողակարգային գործառույթների, քանի որ հիմնական իշխանությունը պատկանում է Հանուն դեմոկրատիայի ազգային լիգայի առաջնորդին՝ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիին:
Նախագահի ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ մարտի 21-ին պաշտոնաթող եղավ Թին Չժոն: Վերջին մի քանի ամիսներին արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր շրջանառում նախկին նախագահի ծանր հիվանդության մասին: Մասնավորապես, նա Բանգկոկի եւ Սինգապուրի հիվանդանոցներում բուժում է անցել աղիների քաղցկեղի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: