Այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու եկած ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայոց բանակի համար մեծ փորձառություն էր Ապրիլյան պատերազմը և այդ պատերազմից հետո նոր սպառազինություն ենք ձեռք բերել․

«Այս երկու տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել եւ այն խնդիրները, որոնք կային Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի վերաբերյալ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Հակառակորդը այդպիսի ռազմական գործողություն այլեւս չի կարող իրականացնել, քանի որ Հայոց բանակը պատրաստ է: Հակառակորդի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ այժմ աշխատանքներն ենք իրականացնում»,-հայտարարեց նա:

 

Հարցին՝ արդյոք իշխանությունը հիմա էլ է կարծո՞ւմ, որ Ապրիլյան պատերազմում կորցրած Լելե Թեփեն վերադարձնելու անհրաժեշտություն չկա, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ես այդպիսի հայտարարություն երբեք չեմ արել»:

Ճշտող հարցին՝ երբ են պատրաստվում հետ բերել Լելե Թեբեն, նա արձագանքեց. «Երբ դրա վերաբերյալ անհրաժեշտ որոշում կայացվի»: