Հրդեհը տեղի է ունեցել Մանհեթենի շրջանում Trump Tower երկնաքերի 50-րդ հարկի բնակարաններից մեկում, մեկ մարդ զոհվել է հինգը՝ տուժել, հայտնում է CNN-ը։ Trump Tower  երկնաքերը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ 
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկնաքերի տանիքին օդափոխության համակարգում բռնկված հրդեհը տեղայնացվել է: Հրդեհի մարման աշխատանքներին ավելի քան 100 հրշեջ է մասնակցում: Նախագահ Դոնալդ Թրամփը հրդեհի պահին շենքում չի եղել:

Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկություններով՝ զոհվել է այն բնակարանում ապրողը, որտեղ բռնկումը տեղի է ունեցել: Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել է, որ կրակն արդեն չեզոքացվել է, նաեւ կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հրշեջներին:

 

ԱՄՆ առաջնորդի որդի Էրիկը Twitter-ում հստակեցրել է, որ բռնկումը տեղի է ունեցել բնակարաններից մեկում: Հրդեհին նախապես տրվել է բարդության երկրորդ կարգ, ավելի ուշ այն բարձրացվել է մինչեւ չորրորդ: Երկնաքերին կից մի քանի փողոցներ փակվել են:

Այս 58-հարկանի շենքում է գտնվում Թրամփի բիզնես կայսրության կենտրոնը:

2016 թվականին երկնաքերում էր տեղակայված հանրապետականի նախընտրական շտաբը:

Ներկայում Թրամփն ապրում է Սպիտակ տանը: