«ՌԻԱ Նովոստի»—ն հաղորդում է, որ Բեռլինը ողջունել է Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի գործողությունները, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Մենք ողջունում ենք, որ մեր ամերիկացի, բրիտանացի և ֆրանսիացի դաշնակիցները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, նման ձևով ստանձնեցին պատասխանատվությունը։ Ռազմական հարվածն անհրաժեշտություն էր՝ քիմիական զենքի կիրառման միջազգային բոյկոտի արդյունավետությանն աջակցելու և հետագայում նման խախտումներից սիրիական ռեժիմին հետ պահելու համար»,- ասվում է կանցլերի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին: