Ոստիկանության տարբեր բաժիններ այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 15.30-ի դրությամբ բերման է ենթարկվել 183 քաղաքացի: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նշենք, որ առավոտյան ժամը 9.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 16-էր, ժամը 11.00-ի դրությամբ՝ 52, ժամը 13.00-ի դրությամբ՝ 107, իսկ ժամը 14-ին այդ թիվը հասել էր 166-ի:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ապրիլի 19-ին նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր Ահարոնյանը:
Ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ էր արել ապրիլի 20-ի առավոտյան 08:15-ից կրկին փակել Երևանի փողոցները: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 20-ին ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է տեղի ունենալու: