Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի վրայից խաչը սղոցել և փոխարենը վարդ տեղադրել ցանկացող 37-ամյա քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանություն. դեպքը կանխվել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ապրիլի 29-ին, ժամը 15:00-ին Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները Էջմիածին քաղաքի Մայր տաճարի տարածքից բաժին են ներկայացրել 1981 թվականի ծնված մի տղամարդու: Տեղում պարզվել, որ վերջինս 14:30-ի սահմաններում ինքնուրույն բարձրանալով Մայր տաճարի գմբեթի վրա, փորձել է իր մոտ եղած մետաղյա սղոցով կտրել գմբեթի վրա տեղադրված խաչը և դրա փոխարեն մետաղյա վարդ տեղադրել»,- նշեցին ոստիկանությունից և հավելեցին, որ քաղաքացուն չի հաջողվել վնասել և կտրել խաչը:
Տղամարդը ոստիկանությունում ներկայացրել է իր մոտ եղած երկու մետաղյա սղոց, մետաղյա վարդ, պարան, որոնք առգրավվել են, որպեսզի հետագա ստուգումներ իրականացվեն:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: 37-ամյա տղամարդն ազատ է արձակվել։