Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցի քննարկումը:
Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Էմիլ Բաբայանին ներկայացրեց ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Կոստանյանն ընդգծեց, որ ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է մի անձի թեկնածություն, ով շատ օգուտներ է տվել երկրին և դեռ տալու է հատկապես ՍԴ անդամի պաշտոնում: «Մենք եկել ենք եզրահանգման, որ Սահմանադրական դատարանը մեզ համար շատ կարևոր ինստիտուտ է հատկապես իրավական զարգացման հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հետ կապված: Ես ձեզ կոչ եմ անում՝ անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական դիրքորոշումներից, հարգեք Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Դա բոլորիս է պետք»,- ասաց նա:
Գևորգ Կոստանյանը վստահություն հայտնեց, որ ՍԴ անդամի պաշտոնում Էմիլ Բաբայանին ընտրելով խթանելու են իրավունքի զարգացումը մեր երկրում:
ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանը շնորհակալություն հայտնեց ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու համար՝ շեշտելով, որ դա մեծ պատիվ ու պատասխանատվություն է իր համար: «Հայաստանում ծավալվող վերջին իրադարձություններով պայմանավորված՝ վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի միտքը զբաղված է մեր երկրի համար շատ կարևոր քաղաքական խնդիրների լուծման վրա: Սակայն վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, անկախ իր քաղաքական դիրքորոշումից, ունի մեկ նպատակ՝ ունենալ և մեր ժողովրդին փոխանցել ժողովրդավարական, իրավական և սոցիալական Հայաստան: Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի Սահմանադրական դատարանը»,- ընդգծեց Բաբայանը: