Այսօր խորհրդարանն իր արտահերթ նիստում քննարկման դրեց Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց Սամվել Ֆարմանյանը:
«Պետք է արձանագրել, որ «երկրապահ կամավորական» հասկացությունը լավագույնս չի արտահայտում հայրենիքի պաշտպանությանը կամավորական հիմունքներով լծված մեր հայորդիներին: Բացի այդ, կարևոր է նաև այն հանգամանքը որ մեր տոնացույցում մայիսի 8-ը արդեն իսկ նշվում է որպես Երկրապահի օր: Այնպես որ, այդ եզրը արդեն իսկ մուտք է գործել մեր ակտիվ բառաֆոնդ: Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին օրենքի նախագծի առաջնային նպատակն է, թեև ուշացած, բայց օրենքով սահմանել «երկրապահ» և «երկրապահ կամավորական» հասկացությունները, ինչպես նաև համապատասխան մարդկանց պետք է տրվի երկրապահ կամավորականի կարգավիճակ: Օրենքի նախագիծը չի վերաբերում երկրապահ կամավորականների սոցիալական ապահովության երաշխիքներին: Խնդիրը կայանում է նրանում, որ Արցախի գոյամարտում կամավոր կերպով միացած և հայրենիքի պաշտպանությանը անմնացորդ նվիրված մեր եղբայրներն ու քույրերը ներկայումս չունեն հատուկ կարգավիճակ: ՀՀ օրենսդրությամբ որևէ կերպ սահմանված կամ առանձնացված չէ երկրապահը, ազատամարտիկը»,-իր ելույթում ասաց Սամվել Ֆարմանյանը:
Առաջին անգամ պետությունը ճանաչում է կամավորականությունը և կամավորականներին տալիս է հատուկ կարգավիճակ: Սա պետության կողմից բարոյական պարտավորություն է: Օրենքի ընդունումը լավագույն նախադրյալներից մեկն է, որ աճող սերունդը ճանաչի գոյամարտի հերոսների կարգավիճակը, հավուր պատշաճի գնահատի նրանց:
Առաջարկվում է. օրենքով սահմանել երկրապահ հասկացությունը.
երկրապահ կամավորական համարել այն մարդկանց, ովքեր 1989-1994թ . ընթացքում ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցել են ՀՀ–ի սահմանների պաշտպանության մարտերին, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ զոհվել կամ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձել՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից,
ա) գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում.
բ) ընդգրկվել են մարդատար օդանավերի կամ ուղղաթիռների անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկում:
2) երկրապահ կամավորականի հատուկ կարգավիճակ է տրվում այն անձանց, ովքեր, ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տեւողությամբ, մարտական գործողությունների անցկացման վայրում, մարտական գործողությունների կամ դրանցում ընդգրկված անձանց սպասարկում իրականացրել կամ օժանդակություն են ցուցաբերել: Այսպիսով՝ բոլոր այն բժիշկները, ուսուցիչները, լրագրողները, ովքեր գործողություններ են իրականացրել կամավորական սկզբունքով, պետության կողմից ճանաչվում են որպես երկրապահ կարգավիճակ ունեցող մարդիկ:
Երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով և նրա կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա: