Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնում մանդատը վայր դրած Աղվան Վարդանյանին կփոխարինի Արմենուհի Կյուրեղյանը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Աղվան Վարդանյանը վայր է դնում մանդատը: Սակայն մինչև մայիսի 10-ը դեռ ժամանակ կա, որպեսզի այդ գործընթացը վերջնական լուծում ստանա: Մենք արդեն որոշել ենք, որ ՀՅԴ խմբակցության քարտուղարը կլինի Արմենուհի Կյուրեղյանը»,- նշեց Ռուստամյանը:

 

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև Աղվան Վարդանյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման շուրջ խոսակցություններին: «Սրա հետ կապված տարատեսակ խոսակցություններ եղան: Առաջին նախագահն է ակտիվացել, և փորձում են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել: Եթե խոսում են Սահմանադրությամբ պատգամավորին տրված իրավունքի մասին, Աղվան Վարդանյանը հենց այդ իրավունքից էլ օգտվել է. նա իր համոզմունքին համապատասխան չի մասնակցել քվեարկությանը և խղճով առաջնորդվելով վայր է դրել մանդատը: Այստեղ հակասահմանադրական որևէ բան չկա: Իսկ երբ մենք ասում ենք, որ ՀՅԴ-ն ունի իր կանոնադրությունը և համապատասխան քայլեր կձեռնարկի, մենք խոսում ենք մեր ներքին կանոնադրության մասին»,- մանրամասնեց Ռուստամյանը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը՝ չնայած ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու որոշում ուներ: Նա հայտարարեց, որ պատրաստ կլինի վայր դնել նաև պատգամավորական մանդատը: Դրանից հետո ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն տարածեց, որով Աղվան Վարդանյանից պահանջեց վայր դնել պատգամավորական մանդատը: Աղվան Վարդանյանն արդեն պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: ՀՅԴ-ն Աղվան Վարդանյանին հեռացրել է նաև կուսակցությունից: