Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել. վարձավճարները բարձր են, իսկ առևտուր գրեթե չեն անում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին տոնավաճառի աշխատողները: 

«Մեր առջև պայման էր դրված այսօր մինչև ժամը 16-00-ն վճարել ամսական վճարը, եթե ոչ՝ ապա ազատել տարածքը: Դրանից ժողովուրդը զայրացավ, փակեցին տաղավարները ու դուրս եկան: Մեր օրվա եկամուտը չի բավարարում, որպեսզի վճարենք տաղավարների վարձը։ Մենք պահանջում ենք 30 %-ով իջեցնել վճարից, եթե ոչ՝ ապա չենք պատրաստվում աշխատել: Փոխվարչապետը մարդ էր ուղարկել մեզ մոտ «Քաղաքացիական պայմանագրից», մեզ խոստացան 3 օրվա ընթացքում հարցին լուծում տալ: Եթե հարցին լուծում չտրվի ավելի մեծ թափով կսկսենք բոյկոտել»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:

 

Նրա խոսքով՝ տոնավաճառի սեփականատեր, տնօրեն Սամվել Ավետիսյանը հրաժարվում է էժանացնել տաղավարի գինը՝ ասելով, որ կարող են գնալ այլ տեղ աշխատել:

Նշենք, որ Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում ևս նշել էր, որ չի կարող իջեցնել վճարները, հակառակ դեպքում ի վնաս իրեն կաշխատի։ 

Հավելենք՝ տոնավաճառում տաղավարների գները տատանվում են 60.000-240.000 դրամի սահմաններում՝ կախված քմ-ից:

Լուսանկարը՝ A1plus.am