Քաղաքացիական ակտիվիստ, Երևանի նախկին ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ: Այս մասին Սանասարյանը թեպետ արդեն հայտարարել էր, սակայն վարչապետի որոշումը քիչ առաջ հրապարակվեց:

Նկատենք, որ Դավիթ Սանասարյանը մշտապես ընդվզել է նախկին իշխանությունների դեմ, կազմակերպել բողոքի ակցիաներ, երթեր, արտահայտել իր դիրքորոշումը տարբեր նախագծերի վերաբերյալ և խոսել ի շահ հայ հանրության:

 

Դավիթ Սանասարյանը թավշյա հեղափոխությունից առաջ հայտարարել էր, թե իշխանափոխությունից հետո չի լինելու կառավարության անդամ: Նրա այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ է հանդիսացել՝ խոսքը չպահելու համատեքստում: Սակայն պետք է նկատել, որ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը կառավարության կազմի մեջ չի մտնում և այն առանցքային նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի գործում: 

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ էր և ակտիվ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած բողոքի ակցիաներին:

Սանասարյանն ավարտել է Եվրախորհրդարանի քաղաքական, ինչպես նաև Եվրոպայի դիվանագիտության ակադեմիայի դասընթացները։

Ուսանել է նաև ԱՄՆ Թաֆթսի համալսարանի և Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

2012-2013 թթ.՝ Դավիթ Սանասարյանը եղել է ԼՈւՐԵՐ.com կայքի գլխավոր խմբագիր:

Մեր գործընկերոջը մաղթում ենք բեղուն և արդյունավետ աշխատանք՝ այս պատասխանատու պաշտոնում: Լիահույս ենք, որ Սանասարյանի կազմակերպչական ջիղը, կրթական բարձր ցենզը և բարի նպատակները կծառայեն մեր պետության բնականոն զարգացմանը: