Երեկ ուշ գիշերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը վճռել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Արմեն Ունանյանին երկու ամսով կալանավորել: 

Դատարանը երկամսյա կալանավորման որոշում է կայացրել նաև գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանի եւ հաշվապահական ծառայության տնօրեն Սիմոն Առաքելյանի նկատմամբ:

 

Նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվեց: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հանցավոր սխեմա էր հայտնաբերել, մասնավորապես, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով  ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ  նվազեցրել  են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։

ԱԱԾ հաղորդագրությունը կարդացեք այստեղ:

Հիշեցնենք, որ դեռևս օրեր առաջ այս ընկերության գործունեությունից տուժող առևտրականներ էին ԼՈւՐԵՐ.com-ին դիմել և ներկայացրել իրենց դժգոհությունները: Մեր հրապարակումներին հաջորդեցին ԱԱԾ-ի գործողությունները, սակայն մենք նշել էինք նաև, որ այս ընկերության հետևում կանգնած է նախկին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ում, ԱԱԾ-ն, կարծես թե շրջանցել է: