Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Նա շարունակում է մնալ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: Բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ ռեկտորի մոտ այս պահին ամեն ինչ կարգին է:
«Բժիշկները սրտի անոթների հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա են կատարել, ոչ մի խնդիր չի հայտնաբերվել»,- տեղեկացրին բժշկական կենտրոնից` հավելելով, որ բժշկի ցուցումով Արամ Սիմոնյանը կարող էր և երեկ դուրս գրվել, սակայն հիվանդանոցում է մնացել հարազատների պնդմամբ:
Արամ Սիմոնյանը բժշկական կենտրոն է հոսպիտալացվել մայիսի 29-ի գիշերը՝ կրծքավանդակի շրջանում ցավերով, ինչպես նաև բարձր ճնշման պատճառով:
Նույն օրը ԵՊՀ-ում տեղի էր ունեցել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջել էին ռեկտորի հրաժարականը, անկախ աուդիտի անցկացում, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում, ԵՀՊ ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում։ Ռեկտորի և նախաձեռնության անդամների հանդիպումը որևէ հանգուցալուծման չէր հանգեցրել։
Արամ Սիմոնյանի հոսպիտալացումից հետո «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը հայտարարեց, որ դադարեցնում է բողոքի ակցիան և առողջություն մաղթում ԵՊՀ ռեկտորին: