Կառավարության երեկվա որոշմամբ Արագածոտնի մարզի ղեկավար է նշանակվել Աշոտ Սիմոնյանը: Սիմոնյանը դեռ պատանի հասակից եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ: Չնայած երիտասարդ տարիքին, նա Դաշնակցության երևանյան կառույցի և ԳՄ-ի կազմակերպական լիազոր մարմնի ներկայացուցիչն է:
 
Նշենք, որ Իշխանական կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու մասին հայտարարությունից հետո, ապրիլի 26-ին պաշտոններից հրաժարվելու դիմումներ էր ներկայացրել խմբակցության անդամ, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, որը մարզպետի պաշտոնին էր նշանակվել նախորդ տարվա հուլիսին: Սիմոնյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ով իր ընկերությունն ունի: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել ՀՅԴ համամասնական ցուցակում՝ 14-րդ համարի ներքո: Աշոտ Սիմոնյանը նաեւ կուսակցության ամենաակտիվ գործարարներից է: «Ամինտաս Գրուպ» ընկերության տնօրենն է, ըստ իր պաշտոնական հայտարարագրի` ունի մեկ բնակարան`  Երեւանում, մեկ բնակելի տուն եւ 5 հատ հողամաս Կաթնաղբյուր գյուղում: Նորանշանակ մարզպետը  իր հայտարարագրում որպես եկամուտ նշել է «Ամինտաս Գրուպ» եւ «Արիաց Գրուպ» ընկերություններից ստացած ավելի քան 1 մլն 710 հազար դրամ աշխատավարձը եւ «Ամինտաս Գրուպ» ընկերությունից ստացած 7 մլն 310 հազար դրամի չափով շահաբաժինը: Ի դեպ «Ամինտաս գրուպ» ՍՊԸ-ի 30 տոկոսանոց բաժնետեր է Հայանտառի նախկին պետ, դաշնակցական Սասուն Աղայանը։ Այս ընկերությունում բաժնեմաս ունի նաև Անտառային պետական կոմիտեի ղեկավար Միքայել Մանուկյանի որդին՝ Վաղինակ Մանուկյանը՝ 40 տոկոսի չափով, և ինչպես արդեն նշեցինք՝ Արագածոտնի մարզպետ, դաշնակցական Աշոտ Սիմոնյանը՝ 30 տոկոսի չափով։
 
Ի դեպ նորանշանակ մարզպետի անվան հետ կապվող «Արիաց Գրուպ» ընկերությունը հասցրել է արդեն հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում: «Արիաց Գրուպ» ՍՊ ընկերությունը, 2009 թվականին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, իրականացրել է Վանաձորի մանկատան չափահաս սաների համար պետության միջոցներով բնակարաններ ձեռք բերելու գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են չարաշահումներ:«Արիաց Գրուպ» ՍՊ ընկերության կատարած չարաշահումների վերաբերյալ Վերահսկիչ պալատից 2008 թվականի դեկտեմբերի 4-ին ստացված նյութերն ուղարկվել էին Լոռու մարզի դատախազություն՝ Վանաձորի մանկատան չափահաս սաների համար պետության միջոցներով 2008 թվականին բնակարանների ձեռք բերման օրինականության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների հետ համատեղ քննության առարկա դարձնելու նպատակով: Այն ժամանակ պատժվեցին «Արիաց Գրուպ»-ի մեկ-երկու շարքային աշխատակիցներ, մինչդեռ հավաստի տեղեկություններով այս ընկերության թիկունքում կանգնած էր ոչ անհայտ դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը: Եթե վերհիշենք, թե ով էր այդ ժամանակ ՀՀ սոցապ նախարարը, ապա պատկերը առավել քան ամբողջական կդառնա: Նշենք նաև, որ Իրավաբանական անձանց պետռեգիստրում որպես ընկերության հիմնադիր նշվում է ոմն Արմեն Մոմջյանի անունը, ում մասնակցությունը սակայն դադարեցված է: Այլ տեղեկություններ ընկերության ղեկավար կազմի վերաբերյալ չկան: